Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարական և ինքնիշխան պետության հիմնասյունն են։ Երկար տարիներ կեղծված ընտրությունների և ժողովրդի իշխանության չիրացումից հետո կարևոր է ընտրական այնպիսի համակարգի ձևավորումը, որը մշտապես կապահովի ժողովրդի՝ ընտրությամբ իշխանություն ձևավորելու իրավունքը։ Որպես «Ականատես» դիտորդական առաքելության մաս՝ մենք մշտապես մասնակցում ենք ընտրությունների վերահսկողությանը, հայտնաբերված խնդիրների հիման վրա առաջարկում լուծումներ և վարում ռազմավարական դատավարություններ՝ փորձելով նպաստել թե՛ օրենսդրության, թե՛ պրակտիկայի բարելավմանը։

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022

2022 թ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։  Ընտրական բարեփոխումներում ներգրավված կազմակերպությունները ներկայացրին իրենց բացահայտած խնդիրներն ու առաջարկությունները, սակայն մինչև դրանց ուսումնասիրությունն ու ամփոփումը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացվեց նախագիծ, որն ակնհայտորեն չի հանգեցնում արձանագրված խնդիրների լուծմանը, առաջարկում է հատվածային լուծումներ, որոնք Վ Հովակիմյանն անձամբ է կարևորել և որոնք հիմնականում չեն բխում այդ խնդիրների լուծման հրատապությունից։

Ներկայացված նախագծի շուրջ հապճեպ կազմակերպվել է 2 քննարկում, որոնց մասնակցել են մի քանի կազմակերպություններ և կուսակցություններ։ Ըստ ստացված տեղեկությունների, այս քննարկումների մասին իրազեկված չեն եղել նույնիսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, կամ այլ պատգամավորներ, պատշաճ իրազեկված չի եղել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ներկա չեն գտնվել Արդարադատության նախարարության կամ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Քննարկումների արդյունքում պարոն Վ Հովակիմյանը համաձայնել էր օրենսգրքում թողնել ՏԻՄ ընտրությունների մասին հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրազեկման պարտավորությունը (որը ընտրողների և հնարավոր առաջադրվողների հավասար իրազեկվածությունն ապահովող միակ գործուն մեխանիզմն է), շտաբների տարածքների վարձակալության հայտարարագրման պահանջը (որը մշտապես պահանջվել է քաղաքական գործընթացների թափանցիկությունը կարևորող քաղաքացիական հասարակության կողմից և թույլ է տալիս իսկապես կրճատել «ստվերը») և «դեռևս թողնել» ԱԺ հերթական ընտրությունների դեպքում նախընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների հաստատման վերապահումը կուսակցության համագումարին (ինչը կուսակցության ներքին ժողովրդավարությունը ապահովող եզակի ընթացակարգերից է բարեփոխված օրենսգրքում): Կազմակերպությունների և կուսակցությունների կողմից ներկայացվել են բազմաթիվ այլ առաջարկնել, սակայն առանցքային է եղել այն, որ հապճեպ և հատվածային քննարկումների փոխարեն անհրաժեշտ է նախագծից առանձնացնել, լրացնել, և ներկայացնել միայն հրատապ լուծում պահանջող խնդիրները՝ քննարկելով դրանց վերաբերյալ նախագծով առաջարկվող լուծումների նպատակահարմարությունը։

Քննարկումից մի քանի օր անց նախագիծը, գրեթե նույն տեսքով, դրվեց շրջանառության մեջ։ Թե քննարկումների բովանդակությունը, թե դրանցից անմիջապես հետո նախագծի շրջանառումն ցույց են տալիս պարոն Վ
Հովակիմյանի կողմից դրանց նկատմամբ մոտեցումը, այն է պատգամավորական ինքնակենսագրականում ավելացնել հեղինակած նախագծերի քանակը՝ հատվածային և ոչ բարեխիղճ «հարմարեցումներով», ձևական մասնակցության պատկեր ստեղծելով, որպես իր կողմից ներկայացրած նախագծերի լեգիտիմության աղբյուր։

Պարոն Հովակիմյանը շարունակում է վերջին ամիսներին իր որդեգրած քաղաքականությունը՝  ցանկացած փոփոխություն ներկայացնել որպես խիստ հրատապ, աննշան տեխնիկական և պրակտիկայից վերցված: Հիմնավորումների բացակայության դեպքում նա պնդում է, որ այդ հարցի վերաբերյալ կա քաղաքական որոշում, ինչի իսկությունը հնարավոր չէ ստուգել, քանի որ նա խուսափում է ապահովել իր քաղաքական թիմի մասնակցությունը քննարկումներին, իսկ շրջանառված փաթեթի հիմնավորումներն այնքան թռուցիկ են անդրադառնում փոփոխություններին, որ հստակ է, որ միայն դրանցով առաջնորդվող պատգամավորը չի կարող իրական պատկերացում կազմել փոփոխությունների ծավալի, բովանդակության ու հնարավոր ռիսկերի մասին։ Հենց այսպես է նա արագացված ընթացակարգով անցկացրել նաև մայիսի 6-ի նախագիծը, որով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն էր իրականացվում մեկ անձի նշանակման նպատակով: Այսպես Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց չգործող ավագանու անդամ Արկադի Փելեշյանը:



Խուսափելով իրական մասնակցայնությունից և նույնիսկ կոլեգիալությունից՝ պատգամավորը մասնավորապես առաջարկում է.

  • Հետ շրջել 2018-ից մինչ օրս խորհրդարանական մեծամասնության և քաղհասարակության կողմից կարևորվող ՝ քարոզարշավի ֆինանսական վերահսկման գործառույթի փոխանցումը ԿԸՀ կազմում գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից նորաստեղծ և մասնագիտացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին,
  • Կենտրոնական բանկում կենտրոնացնել նախընտրական հիմնադրամների սպասարկումը, ինչը լոգիստիկ բարդություններ ստեղծելով համայնքներում առաջադրված կուսակցությունների համար ուղղակի կնպաստի նրան, որ կուսակցություններն ու թեկնածուները պարզապես շրջանցեն այն
  • Չեղարկել ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության բաց քվեարկության կարգը,  որը համահունչ է ԱԺ-ի կողմից վարչապետի ընտրության կարգին և ցույց է տվել իր քաղաքական կարևորությունը 2021թ. աշնան ՏԻՄ ընտրությունների ընթացքում, վերադարձնելով համայնքի ղեկավարի փակ քվեարկությամբ ընտրությունը, որը թույլ է տալիս մանիպուլատիվ և հակաժողովրդավարական քաղաքական գործարքների միջոցով յուրացնել իշխանությունը ՏԻՄ մակարդակում,
  • Նվազեցնել մատչելիության ապահովման պարտավորությունները, փոխարենը վերաձևակերպելով հաշմանդամություն ունեցող անձանց տեղամասը փոփոխելու հնարավորությունը, որպես «մատչելի տեղամաս ընտրելու» հնարավորություն առանց տեղամասերի մատչելիությանը նպաստող որևէ փոփոխությունների իրականացման 
  • Նվազեցնել բազմաբնակավայր համայնքների ընտրական ցուցակներում բնակավայրերի ներկայացվածության համամասնությունը, ինչը համայնքների խոշորացման տրամաբանության համատեքստում էլ ավելի շատ բնակավայրեր դուրս է թողնելու թեկուզ ավագանիում ներկայացվածության շնորհիվ ինքնակառավարում իրականացնելու իրավունքից,
  • Վերադարձնել դրույթն ըստ որի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կարող էր վիճարկել քվեարկության արդյունքները միայն քվեարկության օրը հատուկ կարծիք գրելու դեպքում, հավանաբար մոռացության տալով, այն բոլոր ընտրությունները, երբ տեղամասերում կեղծված քվեարկության արդյունքները դառնում էին անշրջելի, եթե ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովի անդամներին լռեցնում էին սպառնալիքի և կաշառքի լեզվով:

Լինելով 2021թ. Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի, թե ականատեսը, թե մասնակիցը, մենք պնդում ենք, որ 

 

Վերոնշյալ փոփոխություններն անընդունելի են, իսկ Հայաստանում ժողովրդավարության կայացմանը նպաստող բարեփոխումները պիտի լինեն իրապես մասնակցային և իրապես հենվեն առավել լայն քաղաքական և հասարակական կոնսենսուսի վրա: Միայն այդ կերպ բարեփոխումների ընթացքը երաշխավորված կարող է լինել առանձին գործիչների կամ նեղ շահերի սպասարկման և 2018թ. ժողովրդական պայքարի արդյունքում մերժված տրամաբանության ազդեցությունից: 

 

Հ.Գ Այսօր՝ մինչև հայտարարության տարածումը, տեղի են ունեցել նախագծի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված հանրային լսումները, որոնք իրենց բովանդակությամբ որևէ կերպ չեն ազդել հայտարարությունում արտացոլված դիրքորոշումների վրա:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիաների միավորում ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն ՀԿ

Ազատ քաղաքացի ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

 

Ներբեռնել

«Ականատես» դիտորդական առաքելության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազությանը

08.11.2024
2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Ի թիվս այլ խնդիրների, դիտորդական առաքելության կողմից արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։ Մասնավորապես, նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։ Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։

Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

04.12.2023
Հրապարակվել է Երևանի ավագանու 2023 թ․ սեպտեմբերի 17-ին ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։ Սույն զեկույցն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում «Ականատես» դիտորդական նախաձեռնության երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների արդյունքները։ —————————— Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։

Տեղեկանք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների 2023թ․ սեպտեմբերի 17-ին կայացած քվեարկության մասին

19.09.2023
Հրապարակում ենք «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների 2023թ․ սեպտեմբերի 17-ին կայացած քվեարկության մասին։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։

Տեղեկանք ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը միտված սկզբունքների և չափանիշների մասին

04.09.2023
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, արձանագրելով ՀՀ ընտրական պատմության ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման պրակտիկան, կարևորելով Երևանի ավագանու ընտրություններում բարեվարքության բարձր չափորոշիչների պահպանման անհրաժեշտությունը, ընդգծելով միջազգային լավագույն չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան ընտրությունների անցկացման հարցում գործող իշխանության պատասխանատվությունը, հրավիրում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշիքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային այլ կառույցների ուշադրությունը՝ հետևելու վարչական ռեսուսների չարաշահման կանխարգելմանը միտված միջազգային և ներպետական օրենսդրության պահանջներին։

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։

Առաջարկներ Ընտրական օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ

09.04.2022
Փաստաթղթում ներկայացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնց մեծ մասն արձանագրվել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական, ինչպես նաև դրան նախորդած ժամանակահատվածում ՀՀ-ում անցկացված այլ ընտրությունների ընթացքում: Միևնույն ժամանակ ներկայացվում են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման շրջանակներում դրանք ներառելու նպատակով:

ՏԵՂԵԿԱՆՔ 2022 թ․ մարտի 27-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

28.03.2022
2022 թ.մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրություն: «Ականատես» դիտորդական առաքելության կողմից իրականացվել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։ «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդը հետևել է նախըտրական քարոզչության ընթացքին և ուսումնասիրել ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդը տեղում աշխատել է ընտրական հանձնաժողովների, շտաբների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը 2021թ․ ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումների մասին

23.12.2021
2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16.12.2021
Ներածություն 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են մի շարք համապետական ընտրություններ, իսկ 1996թ.-ից ՀՀ-ում անցկացված բոլոր համապետական ընտրությունները, ինչպես նաև 2015թ. անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների կողմից:

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ դեկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2 համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։