Դրանից հետո՝ ժամանակի ընթացքում, Կառավարությունն ընտրեց դատավորների բարեվարքության ստուգման այլ եղանակ, որը, ըստ մեզ, չի կարող հիմնովին լուծել դատաիրավական համակարգի՝ երկար տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ համակարգային խնդիրները։ Բարեվարքության կանոնների ստուգում նախատեսող ՀՀ դատական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները ունեն մի շարք դրական կողմեր. այնուամենայնիվ, դրանք չեն լուծում համապարփակ վեթինգի հարցը և որևէ կերպ չեն փոխարինում այն։
Առավել խնդրահարույց է այն, որ Դատական օրենսգրքով
1. նախատեսված չեն դատավորների բարեվարքության հետադարձ ստուգման միջոցներ, իսկ համապարփակ վեթինգի գործընթացից դուրս նախատեսված գործիքակազմերը բավարար չեն շահերի բախման և հակաօրինական կապերի բացահայտման համար.
2. դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման առանց այդ էլ ոչ բավարար չափով հստակ հիմքերը մի շարք դեպքերում ավելի են անորոշացել՝ լայն կամայական մեկնաբանությունների հնարավորություն ստեղծելով կարգապահական գործը քննող մարմնի համար.
3. դատավորի անկախությանը լուրջ միջամտություն է նաև օրենսգրքով սահմանվող գնահատման գործընթացը՝ սահմանված բովանդակությամբ: Մասնավորապես դատավորների կայացրած ակտերի հիմնավորվածության ստուգումն ինքնին միջամտություն է աստիճանակարգային դատական համակարգի գործունեությանը, առավել վտանգավոր՝ գնահատման օբյեկտիվ չափանիշների բացակայության պայմաններում:
2020 թ.-ի մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՀՀ արդարադատության նախարարի առցանց զրույցը, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ գործող Սահմանադրության պայմաններում դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ։ Կարևորելով վեթինգի անհրաժեշտությունը՝ ստորև ներկայացնում ենք գործող Սահմանադրության պայմաններում վեթինգ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ հիմնավորումները։
ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում: ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
Ելնելով վերոգրյալ նորմերի բովանդակությունից՝ արձանագրում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է դատավորի լիազորությունների դադարեցման հնարավորություն անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում այն պարագայում, երբ անհամատեղելիության հիմքերը սպառիչ թվարկված չեն Սահմանադրությամբ: Ըստ Սահմանադրության՝ դատավորի անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ կարող են սահմանվել նաև ՀՀ դատական օրենսգրքով, որոնց խախտումն իր հերթին, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան, կարող է հանգեցնել ԲԴԽ-ի կողմից նրա լիազորությունների դադարեցմանը:
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ դատավորի լիազորությունների դադարեցման մասին որոշում կարող է կայացնել բացառապես Բարձրագույն դատական խորհուրդը (164-րդ, 175-րդ հոդվածներ): Հետևաբար այս լիազորությունը գործող Սահմանադրության պայմաններում որևէ այլ մարմնի վերապահել հնարավոր չէ, սակայն հնարավոր է հետևյալ մոդելի գործարկումը։
Ստուգման, գնահատման գործընթացը պետք է իրականացնի օրենքի հիման վրա ստեղծված նոր, անկախ երկաստիճան կառուցվածք ունեցող մարմինը՝ հանձնաժողով, որը բաղկացած կլինի հանրային մեծ վստահություն և մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան-մասնագետներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից, որոնց առաջադրման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված, այդ թվում՝ ներառի ինքնաառաջադրման հնարավորություն: Սակայն միևնույն ժամանակ այդ մարմինը չի կարող կայացնել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, քանի որ գործող Սահմանադրությամբ այդ բացառիկ իրավասությունն ունի Բարձրագույն դատական խորհուրդը: Այս առումով հանձնաժողովի գործունեությունը պետք է եզրափակվի ստուգման արդյունքում տրվող եզրակացությամբ, համապատասխան դատավորի լիազորությունը դադարեցնելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելով և ԲԴԽ հրավիրած նիստում մրցակցային պայմաններում այդ միջնորդությունը պաշտպանելով: Դատական օրենսգրքի փոփոխությունների միջոցով պետք է սահմանել նշված միջնորդության քննարկումը հանձնաժողովի դռնբաց նիստի կարգով՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ կերպ ապահովելով հանրային լայն վերահսկողություն նաև այս գործընթացի նկատմամբ և նվազագույնի հասցնելով հնարավոր չարաշահումների ռիսկը: Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորմանը, ապա համոզված ենք, որ առավել բարձր լեգիտիմությամբ օժտված լինելու համար այն պետք է ձևավորվի Ազգային ժողովի կողմից՝ գոյություն ունեցող ցենզերից ավելի բարձր ցենզի հաղթահարմամբ, ընդհուպ պատգամավորների ընդհանուր թվի ձայների չորս հինգերորդով, ինչն արդարացված է նաև ընդդիմության կողմից թեկնածությունների հաստատման անհրաժեշտությամբ:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ դատական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 14-ին հրապարակած թիվ CDL-AD(2019)024 կարծիքով անդրադարձ է կատարվել ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման խնդրին[1]: Արձանագրվել է, որ այս հարցն արդեն իսկ քննարկվել է 2017թ. հոկտեմբերին տրված կարծիքով: Նշվել է նաև, որ «Իշխանությունները պնդում են, որ Սահմանադրությունը նման բողոքարկման հնարավորություն չի ընձեռնում, ինչն ամեն դեպքում ավելորդ կլիներ, քանի որ կարգապահական գործերով ԲԴԽ-ն գործում է որպես դատարան թե՛ ընթացակարգային, թե՛ ինստիտուցիոնալ տեսանկյուններից, և համապատասխան դատավորն օգտվում է արդար դատաքննության իրավունքի բոլոր երաշխիքներից ԲԴԽ-ի առջև[2]»:
Հանձնաժողովը նշել է նաև հետևյալը. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքով կան մի քանի պատճառներ՝ լրջորեն քննարկելու ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորություն նախատեսելը: Առաջին, ՄԻԵԿ 6-րդ հոդվածը երաշխավորում է դատարանի մատչելիության իրավունքը: Ենթադրելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական սանկցիան ազդում է իր քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վրա, այդ դատավորը պետք է ունենա դատարանի մատչելիության իրավունք: Հարցն այն է, թե արդյոք ԲԴԽ-ն կարող է դիտարկվել որպես «դատարան», թե՞ ոչ: Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal գործով ՄԻԵԴ Մեծ պալատը եզրահանգեց, որ քանի որ Պորտուգալիայի դատական բարձրագույն խորհուրդը հանդիսացել է վարչական մարմին, 6-րդ հոդվածը պահանջել է հետագա դատական լիարժեք վերահսկողություն, այսինքն՝ լիարժեք բողոքարկման իրավունք: Այլ կերպ ասած, եթե ՄԻԵԴ-ը գտնի, որ ԲԴԽ-ն չի համապատասխանում դատական մարմնի պահանջներին (հակառակ նրան, ինչ վկայակոչված է Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասում), դատարան բողոքարկելու հնարավորություն ունենալու անհրաժեշտությունը կբխի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) պահանջներից: Երկրորդ, եթե նույնիսկ որևէ հարց ՄԻԵԿ 6-րդ հոդվածի շրջանակներում չի ծագում, ապա կարգապահական գործերով բողոքարկելու հնարավորության անհրաժեշտությունը բխում է մի շարք եվրոպական փաստաթղթերից, օրինակ՝ CCJE կարծիք թիվ 10….[3]» (այստեղ վկայակոչվում են կարծիքներ և հանձնարարականներ):
Վերոգրյալից պարզ է դառնում հետևյալը. քանի որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը երաշխավորում է միայն դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն՝ բողոքարկման իրավունք չի երաշխավորում (այս իրավունքը սահմանված է միայն քրեական գործերի համար ՄԻԵԿ թիվ 7 արձանագրությամբ), ուստի և եթե ԲԴԽ-ն համապատասխանում է «դատարան» որակվելու համար անհրաժեշտ պահանջներին, ապա բողոքարկման իրավունք չսահմանելով՝ ԲԴԽ-ի որոշումներով ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջները չեն խախտվում, քանի որ դատավորը ունենում է դատարանի մատչելիության իրավունք հենց ԲԴԽ-ի առջև:
ՄԻԵԿ 6-րդ հոդվածը խախտված կլինի միայն այն դեպքում, եթե ԲԴԽ-ն գնահատվի որպես վարչական մարմին. այս դեպքում 6-րդ հոդվածը կենթադրի դատարանում ԲԴԽ-ի որոշումը բողոքարկելու իրավունքի տրամադրում:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցին՝ պատասխանելով հետևյալ հարցադրմանը՝ արդյոք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաև ԲԴԽ) որոշումների վերջնական և անբողոքարկելի լինելը (Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մաս) խախտում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Այս որոշմամբ նշված նորմը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող. Սահմանադրական դատարանը գտել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների, ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների վերաբերյալ վերլուծություններն ու մեջբերումները՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը:
Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 18.12.2012թ.-ի թիվ ՍԴՈ-1063 որոշմամբ անդրադարձել էր ՀՀ արդարադատության խորհրդի որոշումների բողոքարկման արգելքի իրավաչափության հարցին՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացումն ապահովելու համատեքստում. նշված որոշմամբ այդ դրույթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ համանման հիմնավորումներով:
Այսինքն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ԲԴԽ-ն որակվել է «դատարան»՝ հիմք ընդունելով թե՛ այս մարմնի ձևավորման կարգը, անկախության երաշխիքները, լիազորությունները և թե՛ կարգապահական գործերի քննության ժամանակ գործող դատավարական երաշխիքները, ինչի հիման վրա էլ եզրահանգում է կատարվել բողոքարկման իրավունքի բացակայությունը սահմանող դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:
Նման պայմաններում ակնհայտ է, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի հետ կապված որևէ խնդիր չի առաջանում: Թեև միջազգային չափանիշներից ելնելով ցանկալի է ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, սակայն սա իմպերատիվ պահանջ չէ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան և համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին, այսինքն՝ նման պարագայում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի հետ կապված խնդիր չի առաջանում:
Նկատի ունենալով ՀՀ դատական համակարգի խնդիրները արմատապես և ի սկզբանե խորքային մոտեցմամբ լուծելու անհրաժեշտությունը՝ վերահաստատում ենք դատական համակարգի խնդիրները վեթինգի իրականացման միջոցով լուծելու մեր դիրքորոշումը և միանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նույն պահանջին։ Միաժամանակ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, վերոնշյալ վերլուծության համատեքստում վերանայել վեթինգին ուղղված գործողությունները և դիտարկել համակողմանի վեթինգը ներկա Սահմանդրությամբ իրականացնելու հնարավորությունը՝ գործուն քայլեր կատարելով այդ ուղղությամբ։