Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարական և ինքնիշխան պետության հիմնասյունն են։ Երկար տարիներ կեղծված ընտրությունների և ժողովրդի իշխանության չիրացումից հետո կարևոր է ընտրական այնպիսի համակարգի ձևավորումը, որը մշտապես կապահովի ժողովրդի՝ ընտրությամբ իշխանություն ձևավորելու իրավունքը։ Որպես «Ականատես» դիտորդական առաքելության մաս՝ մենք մշտապես մասնակցում ենք ընտրությունների վերահսկողությանը, հայտնաբերված խնդիրների հիման վրա առաջարկում լուծումներ և վարում ռազմավարական դատավարություններ՝ փորձելով նպաստել թե՛ օրենսդրության, թե՛ պրակտիկայի բարելավմանը։

Անդրադարձ Ազգային ժողովի ընտրությունների ընտրախախտումներին և Կառավարության ձևավորման կարգին

Ազգային ժողովի 2017 թ․-ի ընտրությունների համեմատ այս ընտրություններին դիտորդների արձանագրած խախտումները նվազել են։ 2018 թ․-ի  ԱԺ ընտրություններին Երևանի և մարզերի 300-ից ավելի տեղամասերում դիտորդություն իրականացրած 581 դիտորդներն արձանագրել են շուրջ 70 խախտում, որոնցից մի մասի վերաբերյալ դիմում-բողոքներ են ներկայացվել ԿԸՀ։ Արձանագրվել է․

կողմնակի անձանց ներկայության 17 դեպք,

քվեարկության գաղտնիության խախտման 6 դեպք,

բռնություն, սպառնալիք կամ ճնշում գործադրելու 3 դեպք,

խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասերի կողմից-25 դեպք,

կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն-3 դեպք,

ընտրողին իրավասություն չունեցող անձի կողմից օգնություն ցուցաբերելու 6 դեպք,

բաց քվեարկության 3 դեպք,

ուղղորդված քվեարկության 7 դեպք,

արդյունքների ամփոփման կոպիտ խախտումների 7 դեպք,

անվավեր դարձած քվեաթերթիկների 1 դեպք։