2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Ի թիվս այլ խնդիրների, դիտորդական առաքելության կողմից արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։ Մասնավորապես, նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։
Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։
Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել են առաքելության մի քանի ներկայացուցիչներ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։ «Ականատես» դիտորդական առաքելության հարցումներին ի պատասխան վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ առ այն, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։ Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է (օրինակ՝ 2024թ․ հունիս ամսվա իրադարձություններ)։ Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։
Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է ՀՀ գլխավոր դատախազությանը արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն։
«Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպություններ՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հրապարակում ենք «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների 2023թ․ սեպտեմբերի 17-ին կայացած քվեարկության մասին։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը,
հրավիրում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշիքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային այլ կառույցների ուշադրությունը՝ հետևելու վարչական ռեսուսների չարաշահման կանխարգելմանը միտված միջազգային և ներպետական օրենսդրության պահանջներին։
Սահմանումներ
Կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնք սահմանում են վարչական ռեսուրսը և առաջարկում սահմանափակել դրա օգտագործումն ընտրական գործընթացներում:
Վարչական ռեսուրսների չարաշահման բացառման շուրջ ձևավորված միջազգային սկզբունքները բխում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (այժմ՝ ԵԱՀԿ) 1990թ․ Կոպենհագենի հանդիպման փաստաթղթից, որի 5․4 կետն ընդգծում է «պետության և քաղաքական կուսակցությունների հստակ տարանջատումը: Մասնավորապես՝ կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ»։ Նույն փաստաթղթի 7․6 կետով սահմանվում է, որ քաղաքական կուսակցությունները և կազմակերպությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ իրավական երաշխիքներով, որոնք թույլ կտան նրանց մրցել միմյանց հետ օրենքի առջև և իշխանությունների կողմից հավասար վերաբերմունքի պայմաններում 1։
Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» (Վենետիկի) հանձնաժողովի «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին» զեկույցը (2013թ.) տալիս է մի քանի էական սահմանումներ․
«Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական, նյութական և այլ ոչ նյութական ռեսուրսներն են, որոնց տիրապետում են իշխող կուսակցությունները, թեկնածուները և քաղաքացիական ծառայողները ընտրությունների ընթացքում՝ հանրային հատվածի աշխատողների, ֆինանսների և այլ բաշխումների հանդեպ իրենց վերահսկողության և հանրային ենթակառուցվածքների հասանելիության բերումով։ Վարչական ռեսուրս է հանդիսանում նաև ընտրված կամ նշանակված պաշտոնյայի՝ իր դիրքից բխող հանրային հեղինակությունը, որը կարող է փաստացիորեն վերածվել քաղաքական և կամ այլ տիպի աջակցության» 2։
«Վարչական ռեսուրսների չարաշահումը քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև իշխող կուսակցությունների և թեկնածուների անօրինական վարքագիծն է՝ օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը և կապերը պետական ինստիտուտների հետ՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով։ Վարչական ռեսուրսների չարաշահումը անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցություններին և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ այդպիսով խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը» 3։
Ընտրական գործընթացի ժամանակահատվածը
Միջազգային փաստաթղթերում ընտրական գործընթացն ընդգրկում է գործողությունների ավելի լայն շրջանակ, քան ենթադրում է օրենքով սահմանված պաշտոնական նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, և այն ներառում է օրինակ՝ ընտրական տեղամասերի ձևավորումը, ընտրական հանձնաժողովների կազմավորումը, թեկնածուների գրանցումը 4։ Վարչական ռեսուրսներ չչարաշահելու սկզբունքը, հետևաբար, տարածվում է ընտրական գործընթացի ավելի ընդգրկուն ժամանակահատվածի վրա, քան օրենքով սահմանված պաշտոնական քարոզարշավի ժամկետներն են։Իշխող կուսակցությունները և թեկնածուները, միջազգային բարեվարք գործելակերպի ոգուն համապատասխան, պետք է չչարաշահեն վարչական ռեսուրսները ընտրական գործընթացի ողջ ընթացքում։
Հիմնարար սկզբունքներ
Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման համար գործում են մի շարք հիմնարար սկզբունքներ․
Վարչական ռեսուրսների չարաշահման օրինակներ
Վարչական ռեսուրսների չարաշահումն ընդգրկում է նախարարությունների, տարածքային և տեղական հանրային կառույցների տեխնիկական ռեսուրսների օգտագործումը (օր՝ տրանսպորտային միջոցներ, դահլիճներ, հեռախոսներ) և մարդկային ռեսուրսների (հանրային ծառայողներ, պաշտոնյաներ) ներգրավումը իշխող ուժերի քարոզչական գործողություններում։ Նման չարաշահումները հանգեցնում են կուսակցությունների/թեկնածուների միջև անհավասարությանը՝ մասնավորապես իշխող և այլ կուսակցություների/թեկնածուների միջև։ Հատկապես տուժում են խորհրդարանում ներկայացվածություն չունեցող ուժերը 6։
Ըստ «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման և արձագանքման» վերաբերյալ Վենետիկի կանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ ուղեցույցի (2016)՝ իշխանությունների կողմից հանրային ծառայողների նկատմամբ իրականացված որևէ ճնշում կամ սպառնալիք ևս հանդիսանում է վարչական ռեսուրսի չարաշահում 7։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից տարբեր երկրներում ընտրական գործընթացների դիտարկման արդյունքում բացահայտվել են վարչական ռեսուրսների չարաշահման այնպիսի դեպքեր, ինչպիսիք են, օրինակ, ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը նախընտրական շրջանում ընտրողների ձայներ գրավելու համար, պետական աշխատողների կողմից քարոզչությունն աշխատանքային ժամերին, ուսուցիչների և աշակերտների ներգրավումը քարոզարշավում դասաժամերի ընթացքում, հանրային ծառայողների նկատմամբ ճնշումները քարոզչական միջոցառումներին մասնակցելու կամ որևէ թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով, քաղաքական հակառակորդների հանդեպ հետապնդումները, իշխող ուժի գործունեության անհամաչափ շատ լուսաբանումը պետական հեռուստաընկերությամբ և այլն 8։
Վարչական ռեսուրսների օրինական կիրառում
Կառավարությունը պետք է կարողանա շարունակել իր բնականոն աշխատանքը ընտրական գործընթացների ժամանակահատվածում ևս։ Ընտրությունների շրջանում վարչական ռեսուրսների չարաշահման ռիսկերի առկայությունն ամենևին չի նշանակում, որ վարչական ռեսուրսներ չեն կարող օրինաչափ կերպով օգտագործվել պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովման համար։ Ընտրական գործընթացների շրջանում վարչական ռեսուրսների օրինական կիրառումը դրանց չարաշահումից տարբերելու համար միջազգային պրակտիկայում որպես հիմք է ընդունվում ժամանակացույցը։
Այսպես` ընտրված կամ նշանակված պաշտոնյայի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը համարվում է օրինաչափ, եթե գործողությունը (օր.՝ հանրային շինությունների բացման արարողություն, նոր հանրային շինարարական աշխատանքերի մեկնարկ, հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձի և նպաստների բարձրացում) բխում է երկարաժամկետ ծրագրից, ինչպես օրինակ՝ նախանշված է եղել ֆինանսական տարվա սկզբին կամ օրենսդրի նստաշրջանի սկզբին, պաշտոնը ստանձնելու սկզբին։ Նման գործողությունների արդյունքները չպետք է տեսանելի լինեն միայն ընտրական գործընթացի ժամանակահատվածում, իսկ, օրինակ, հանրային նոր շինություների բացման հաճախականությունը նախընտրական շրջանում չպետք է տարբերվի ոչ ընտրական ժամանակահատվածից, և հակառակը, ընտրական գործընթացի ժամանակահատվածում դեռևս քարոզչությունից առաջ չնախատեսված նոր ծրագրերի և գործողությունների նախաձեռնումը պետական բյուջեի միջոցների ներգրավմամբ և/կամ սոցիալական աջակցության տրամադրումն ընտրողների որևէ խմբի կարող է որակվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում 9։
Քաղաքական կամքի և բարի կամքի դրսևորման սկզբունքը
Ընտրական գործընթացների բնագավառում գործունեություն իրականացնող միջազգային կառույցները կոչ են անում իրենց անդամ-պետություններին վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու նպատակով ազգային օրենսդրության մեջ ներառել այնպիսի կարգավորումներ, որոնք հստակ տարանջատում կդնեն մի կողմից պետական հաստատությունների և հանրային ծառայողների բնականոն աշխատանքի, մյուս կողմից` նախընտրական քարոզչական գործողությունների միջև, կպաշտպանեն հանրային ծառայողներին հնարավոր ճնշումներից, վերահսկողություն կսահմանեն հանրային ֆինանսների և կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ, կնախատեսեն պատասխանատվության մեխանիզմներ։
Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ պետությունների օրենսդրական կարգավորումներ վարչական ռեսուրսների կիրառման վերաբերյալ հիմնականում թերի են և/կամ չափազանց ընդհանուր, որպեսզի արդյունավետ լուծում տան վարչական ռեսուրսների չարաշահման կոնկրետ դեպքերին։ Երբեմն էլ, օրենսդրական կարգավորումները բարդանում են, քանի որ սահմանափակումները կարող են խոչընդոտել այլ իրավունքների իրականացմանը։
Միջազգային չափանիշները ենթադրում են, որ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում իշխանությունները պետք է առաջնորդվեն էթիկայի/բարեվարքության սկզբունքներով՝ երաշխավորելով խաղի հավասար պայմաններ բոլոր քաղաքական մրցակիցների միջև։ Պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու այդ սկզբունքները, քանի որ վարչական ռեսուրսների չարաշահումը ընտրական գործընթացի շրջանում կարող է խաթարել ժողովրդավարական և սահմանադրական պետության հիմնարար պահանջները։ Ուստի, էական նշանակություն ունի իշխանությունների քաղաքական կամքը՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Ժողովրդավարական և իրավունքի գերակայության պետությունը ենթադրում է համընդհանուր արժեքներ, հավասար կանոնների քաղաքական և իրավական մշակույթ, որտեղ հանրային ծառայողները և քաղաքական գործիչերը (հատկապես իշխող) ոչ միայն առաջնորդվում են օրենքով, այլև ձգտում են պահպանել էթիկայի բարձր չափանիշներ 10։Նման պրակտիկա կա, մասնավորապես, սկանդինավյան երկրներում, որտեղ նախընտրությունը տրվում է ոլորտի ինքնակարգավորմանը՝ քաղաքական ուժերի միջև ջենթլմենական համաձայնության և հավասարության սկզբունքները կամավոր կերպով պահպանելու միջոցով։
Ներպետական օրենսդրություն
ՀՀ գործող Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը նախատեսում է նախընտրական քարոզչության սահմանափակումները՝ ներառյալ վարչական ռեսուրսի օգտագործման մասով: Օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է վարչական ռեսուրսները որպես մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներ, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Նույն հոդվածով արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները (բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների) օգտագործելը՝ նույն հոդվածում թվարկված անձանց և հանրային ծառայության մեջ գտնվողներին:
Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված վարչական ռեսուրսների օգտագործումը:
Ընտրական օրենսգրքի նույն հոդվածով սահմանվում են նաև հանրային ծառայության մեջ գտնվող՝ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների նախընտրական քարոզչության իրականացման առանձնահատկությունները:
Դրան զուգահեռ, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) և ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ նախատեսում են վարչական և քրեական պատասխանատվություն վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դրսևորումների համար: Մասնավորապես՝
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018թ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի կողմից:
Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը իրականացնում է նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների դիտորդություն։
Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը և բարձրացնել ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահության մակարդակը։
«Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ:
Դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։ Ընտրական բարեփոխումներում ներգրավված կազմակերպությունները ներկայացրին իրենց բացահայտած խնդիրներն ու առաջարկությունները, սակայն մինչև դրանց ուսումնասիրությունն ու ամփոփումը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացվեց նախագիծ, որն ակնհայտորեն չի հանգեցնում արձանագրված խնդիրների լուծմանը, առաջարկում է հատվածային լուծումներ, որոնք Վ․ Հովակիմյանն անձամբ է կարևորել և որոնք հիմնականում չեն բխում այդ խնդիրների լուծման հրատապությունից։
Ներկայացված նախագծի շուրջ հապճեպ կազմակերպվել է 2 քննարկում, որոնց մասնակցել են մի քանի կազմակերպություններ և կուսակցություններ։ Ըստ ստացված տեղեկությունների, այս քննարկումների մասին իրազեկված չեն եղել նույնիսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, կամ այլ պատգամավորներ, պատշաճ իրազեկված չի եղել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ներկա չեն գտնվել Արդարադատության նախարարության կամ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխման վերաբերյալ. ՀՀ ընտրական օրենսգրքով (այսուհետ նաև` Օրենսգիրք) բավականին լայն լիազորություններեն վերապահված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին:
1.1. Այսպես` Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարը: Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել Օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգուկանոն հաստատել տեղամասային կենտրոնում։ Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում: Օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն`տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրական փաստաթղթերի պարկը, ընտրողների ցուցակների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով:
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվող` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքը վավերացվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
2022 թ.մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրություն:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից իրականացվել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։ «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդը հետևել է նախըտրական քարոզչության ընթացքին և ուսումնասիրել ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդը տեղում աշխատել է ընտրական հանձնաժողովների, շտաբների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:
Ընտրությունների օրը առաքելությունը իրականացրել է շրջիկ դիտորդություն։ 2 շրջիկ խումբ դիտարկել են համայնքներում տիրող մթնոլորտը, այցելել են 22 ընտրատեղամաս, դիտարկել են համայնքապետարանի, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքները։
2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:
Վերջին ժամանակներում խիստ մտահոգիչ են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հաջորդող գործընթացները առանձին համայնքներում, որոնք ստվերում և վտանգի տակ են դնում արձանագրված ձեռքբերումները և ստանձնած ժողովրդավարական բարեփոխումները: Հատկապես՝ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի կողմից տարբեր անհարկի միջամտությունների միջոցով փորձեր են կատարվել ազդելու ՏԻՄ-երի ձևավորման վրա։ Մասնավորապես՝ անհանգստացնող են ստորև բերվող դրվագները, ներառյալ՝ առանձին ՏԻՄ-երի ընտրություններում քվեարկության արդյունքները չընդունելու հիմքով ՏԻՄ-երի ձևավորումը բոյկոտելը, կոալիցիաների ձևավորման ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգերը, հաղթող թեկնածուների նկատմամբ՝ հատկապես հետընտրական ժամանակահատվածում կիրառվող քրեական հետապնդումները:
Ներածություն
1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են մի շարք համապետական ընտրություններ, իսկ 1996թ.-ից ՀՀ-ում անցկացված բոլոր համապետական ընտրությունները, ինչպես նաև 2015թ. անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 1996թ.-ից ի վեր հրապարակված` համապետական ընտրությունների և 2015թ.-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ զեկույցների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ բացառությամբ ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների, մյուս բոլոր համապետական ընտրությունները և 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին անցկացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն գնահատվել են որպես ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին ամբողջությամբ կամ մասնակիորեն չհամապատասխանող1, իսկ որոշ ընտրություններ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից գնահատվել են որպես խիստ խնդրահարույց: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցներում հաճախակի է ընդգծվել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը կամ ցածր մակարդակը: Զեկույցներներում հատուկ անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների հետ կապված բողոքարկման գործընթացներին` բարձրացնելով թե իրավակիրառ և թե օրենսդրական բնույթի խնդիրներ: Մասնավորապես, շեշտադրվել են ընտրական հանձնաժողովների կողմից բողոքների քննության ընթացքում դրսևորված ֆորմալիստական մոտեցումները, շահագրգիռ անձանց համար ընտրախախտումների վիճարկման նպատակով դե ֆակտո իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրները, ընտրական վարչարարության և դատարանների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը, ընտրախախտումները բողոքարկելու իրավունք ունեցող անձանց նեղ շրջանակի և դրանից բխող արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հարցերը, դիմում-բողոքների ներկայացմանը առաջադրվող հավելյալ ձևական բնույթ կրող պահանջների, ընտրակախախտումների բողոքարկման հակասական և սեղմ վերջնաժամկետների, միայն սուբյեկտիվ իրավունքները խախտված անձանց բողոքարկման իրավունքի վերապահման հետ կապված հարցերը, ընտրությունների և հանրաքվեի արդյունքները ընտրողների և հանրաքվեի մասնակիցների կողմից վիճարկելու իրավական հնարավորության բացակայության, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների կողմից դիմում-բողոքների քննության վերջնաժամկետների համընկնման, դիտորդական կազմակերպությունների վրա վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված հայցադիմումներով պետական տուրքի վճարման պարտականությունը դնելու հետ կապված հարցերը և այլն:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2 համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։
Դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում գործող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։
«Ականատես»-ի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:
«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ: