«Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

31.05.2022

24.05.2022 թ. Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել, իսկ 25.05.2022թ. առաջին ընթերցմամբ ընդունվել է «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ)։

Ի թիվս փոփոխվող այլ կարգավորումների, նախագծով փոփոխվում է նաև Օրենքի 6-րդ հոդվածը։ Մասնավորապես՝ գործող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին տրվում է իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իրավունք այն դեպքերում, երբ 1/ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, 2/ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ է համարվել, 3/ իր նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ 4/ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվել է։

Նախագծով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իրավունք ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է՝ նոր Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին համապատասխան։ Մասնավորապես Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրության համաձայն՝ նշված իրավունքից կարող են օգտվել այն անձինք, ում նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չի հարուցվել, քրեական հետապնդումը դադարեցվել է, կայացվել է արդարացման դատավճիռ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվել է։

Այնուամենայնիվ, նույնիսկ նշված սուբյեկտային ընդլայնումը չի կարող համարվել բավարար և համապատասխանող հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իր նախադեպերով ձևավորած չափանիշներին, որն անձին՝ իր նկատմամբ ՕՀՄ իրականացրած լինելու մասին ծանուցումը և նրան համապատասխան նյութերի տրամադրման հնարավորությունը չի փոխկապակցում դատավարական կարգավիճակի, քրեական վարույթի ելքի հետ։ Մասնավորապես. դատարանն արձանագրել է, որ հաղորդակցությունների գաղտնալսման մասին ծանուցման խնդրին անքակտելիորեն կապված է դատարանների առջև իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության հետ[1] և, թեև գործնականում հնարավոր չէ բոլոր դեպքերում պահանջել հետագա ծանուցում, քանի որ գործողությունը կամ վտանգը, որի դեմ ուղղված էին հսկողության միջոցառումները, կարող է շարունակվել տարիներ՝ այդ միջոցառումները դադարեցնելուց հետո և յուրաքանչյուր անձին ծանուցելը կարող է վտանգել երկարաժամկետ նպատակը, որով ի սկզբանե պայմանավորվել է հսկողությանը, սակայն, երբ ծանուցումը կարող է իրականացվել առանց սահմանափակման նպատակը վտանգելու, տեղեկատվությունը, այնուամենայնիվ, պետք է տրամադրվի շահագրգիռ անձանց[2] (օրինակ, Հանուն եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքներ ասոցիացիան և Էքիմջիևն ընդդեմ Բուլղարիայի (Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, no. 62540/00) և  Դիմիտրի Պոպեսկուն ընդդեմ Ռումինիայի (Dumitru Popescu v. Romania (no. 2), no. 71525/01) գործերով Դատարանը գտել է, որ գաղտնալսված անձին որևէ պահի ծանուցելու պահանջի բացակայությունը անհամատեղելի է Կոնվենցիայի հետ, քանի որ այն զրկում է նրան 8-րդ հոդվածի իր իրավունքներին անօրինական միջամտության համար փոխհատուցում պահանջելու հնարավորությունից (Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, §§ 90-91, Dumitru Popescu v. Romania (no. 2), § 77, տես նաև՝ Roman Zakharov v. Russia, no. 47143/06, §§ 289, 290, 292)):

Միևնույն ժամանակ, գաղտնալսման սուբյեկտին որևէ պահի ծանուցելու պահանջի բացակայությունը դատարանը համատեղելի է համարել Կոնվենցիայի հետ այն դեպքերում, երբ ազգային օրենսդրության համաձայն ցանկացած անձ, ով կասկածում էր, որ իր հաղորդակցությունները գաղտնալսվել են կամ գաղտնալսվում են, կարող էր դիմել իրավասու մարմնին, որի իրավասությունը կախված չէր գաղտնալսման սուբյեկտին ծանուցված լինելու հանգամանքից (տես Kennedy v. the United Kingdom, no. 26839/05, § 167), սակայն նման հնարավորություն ՀՀ օրենսդրությունը ևս չի ընձեռում, քանի որ ցանկացած պարագայում (ցանկացած դատավարության շրջանակում) միջամտող միջոցառման իրավաչափության վիճարկման շրջանակներում, դրա իրականացված լինելու հանգամանքը ապացուցման է ենթակա դիմողի/հայցվորի կողմից։

 

Առաջարկում ենք նախագիծը լրամշակել՝ հիմք ընդունելով նշված նկատառումները՝ նախատեսելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իրավունք ունեն բոլոր անձինք, ում նկատմամբ դրանք իրականացվել են, այդ թվում՝ նախագծով սահմանված սուբյեկտները՝ նախագծով սահմանված պայմաններում, իսկ մյուս անձինք՝ այն ժամանակ, երբ իրենց ծանուցելը կարող է իրականացվել առանց սահմանափակման նպատակը վտանգելու (նշված անձանց ծանուցման պարտականության սահմանմամբ)։

 

[1] Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 286

[2] Klass and others, no. 5029/71, § 58; Gabriele Weber and Cesar Richard Saravia v. Germany, no. 54934/00, § 135, 136

Ներբեռնել

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019
Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: