«Oտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20.01.2022

05.01.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Oտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ ոստիկանությունը: Նախագծում սահմանվել են դրույթներ, որոնցով ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացության հիման վրա հնարավոր կլինի անձին արտաքսել` առանց դատական պաշտպանության իրավունքի ապահովման։ Սույնով ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը նշված կարգավորումների իրավաչափության վերաբերյալ: Այսպես՝

Գործող «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխով սահմանվում է օտարերկրացիների արտաքսման դատական կարգ, միաժամանակ, օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով, ինչի պարագայում արտաքսումը կասեցվում է։ Այս կարգավորումները լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ ապահովելով 61-րդ հոդվածով ամրագրված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը։

Հակառակ գործող կարգավորման՝ Նախագծով սահմանվել են արտաքսման դեմ դատական պաշտպանության իրավունքի էական սահմանափակումներ։ Մասնավորապես Նախագծի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրացին կարող է արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից արտադատական կարգով, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը սպառնում է պետության անվտանգությանը, եթե առկա է համապատասխան բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացությունը նշված հանգամանքների հիմքով արտաքսելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ նշված դեպքերում արտաքսման մասին որոշման բողոքարկումը, ի տարբերություն մյուս դեպքերի, չի կասեցնում արտաքսումը (Նախագծի 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)` բացառությամբ այն դեպքերի, երբ անձը ներկայացնում է ապացույցներ նախագծի 58-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արտաքսումն արգելող հանգամանքների մասին (եթե իրական սպառնալիք կա, որ նա կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի)։ Գտնում ենք, որ նշված կարգավորումը թերի և խիստ խնդրահարույց է հետևյալ պատճառաբանությամբ։ Մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու իրական սպառնալիքի առկայությունը «ապացույցներով» հիմնավորելու, ապացուցելու պարտականությունը առերևույթ համաչափ և հիմնավոր պահանջ չէ, քանի որ անձը կարող է օբյեկտիվորեն չունենալ դա ինքնուրույն, առանց դատավարական բավարար երաշխիքների իրականացնելու հնարավորություն, հատկապես կարճ ժամկետներում։ Կարծում ենք՝ այս իմաստով համաչափ կարող է դիտարկվել նշված իրական սպառնալիքների առկայության մասին արտաքսվող անձի փաստարկված հայտարարությունը, որն ինքնին բավարար պետք է լինի անձի արտաքսումը կասեցնելու համար, իսկ դրա հիմնավորվածության և իրականությանը համապատասխանելու հարցը պետք է որոշվի համապատասխան վարույթի շրջանակում՝ անհրաժեշտ դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ինչ վերաբերում է արտաքսման վարույթն իրականացնող մարմնին, ապա դա պետք է լինի անաչառ և անկողմնակալ մարմին, այնինչ, քննարկվող կարգավորման համաձայն, արտաքսումն արգելող հանգամանքների առկայության վերաբերյալ ներկայացված ապացույցների գնահատման իրավասությունը փաստացի վերապահվում է նույն՝ արտաքսումն իրականացնող մարմնին։ Այլ կերպ ասած՝ հասարակական կարգի կամ պետական անվտանգության պահպանման անհրաժեշտության հիմքով արտաքսվող անձը, ինչպես և մյուս արտաքսվող անձինք, ֆորմալ առումով ունենալով այլ պետություն չարտաքսվելու երաշխիք (արտաքսման կասեցման տեսքով) այն դեպքում, երբ կա այդ երկում մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու իրական սպառնալիք, գործնականում այդ երաշխիքից զրկված է, քանի որ այդ սպառնալիքի առկայությունը պետք է հիմնավորի «ապացույցներով» և ոչ թե անկախ մարմնի, դատարանի դիմաց, այլ իր արտաքսման իրականացման համար պատասխանատու մարմնի առջև։ Իսկ արտաքսումը չկասեցվելու և արդյունքում օտարերկրացու՝ այլ երկրում հայտնվելու պարագայում արտաքսման հետագա վիճարկումը այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանության միջոց, քանի որ նրա իրավունքները կարող են խախտվել այլևս անվերականգնելի ձևով (օրինակ՝ մահապատժի կամ խոշտանգման ենթարկվելու դեպքում)։ 

Հարկ ենք համարում ընդգծել, որ խնդրի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Խոշտանգումների դեմ կոմիտեն՝ նշելով, մասնավորապես, որ մասնակից պետությունը պետք է ապահովի արդյունավետ միջոցների առկայություն ապաստան չտրամադրելու որոշումը վիճարկելու համար, հատկապես երբ արտաքսումն իրականացվում է արագացված ընթացակարգով, և նման միջոցները ցանկացած դեպքում պետք է կասեցնեն արտաքսման որոշման կատարումը։ Կոմիտեն մտահոգություն է հայտնել օրենսդրությունների վերաբերյալ, որոնցով սահմանվում է, որ պետության կողմից դիմողին կացության թույլտվությունից հրաժարվելը ենթադրում է դիմողի՝ անմիջապես երկիրը լքելու ավտոմատ պարտավորություն[1], և շեշտել է, որ կասեցնող ուժ պետք է տրվի ոչ միայն հրատապ պաշտպանության միջոցներին, այլ նաև «բողոքներին, որոնք ներկայացվել են ցանկացած օտարերկրացու կողմից, որի նկատմամբ վտարման հրաման է տրվել, և որը պնդում է, որ ինքը կանգնած է խոշտանգումների ենթարկվելու վտանգի առաջ այն երկրում, որտեղ նրան պետք է վերադարձնեն»[2]։ Կասեցնող ուժը պետք է ուժի մեջ մտնի բողոքը ներկայացնելու պահից[3]։

 

Վերոգրյալի հետ մեկտեղ արտաքսման դեմ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որը, ի տարբերություն ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, որոնց հղում է կատարում Նախագծի հեղինակն իր հիմնավորումներում, չի նախատեսում այդ հիմնարար իրավունքի սահմանափակման հնարավորություն[4]։

 

Վերը նշված խնդիրները mutatis mutandis վերաբերելի են նաև քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման գործընթացին։

 

Հիմք ընդունելով վերը նշված խնդիրները և դրանց՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր լինելը՝ առաջարկում ենք

  • Նախագծում կատարել փոփոխություններ՝ ապահովելով Նախագծի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, արտաքսման որոշման/գործընթացի կասեցում և արտաքսման արտադատական կարգից անցում դատական կարգի, եթե արտաքսվող անձը հայտարարում է Նախագծի 58-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արտաքսումն արգելող հանգամանքների մասին։ Նույն կարգավորումը mutatis mutandis սահմանել նաև քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման գործընթացի մասով։

[1] Concluding Observations of the Committee against Torture: Denmark, Annual Report 2002, UN Doc.

CAT A/57/44 (2002), paragraph 73(c)

[2] Concluding Observations of the Committee against Torture: Belgium, Annual Report 2003, UN Doc.

CAT A/58/44 (2003), paragraph 131(d)

[3] Concluding Observations of the Committee against Torture: France, UN Doc.CAT/C/FRA/CO/3, 3

April 2006, paragraph 7

[4] Հոդված 61. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

Ներբեռնել

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019
Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: