««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

08.04.2022

24.03.2022թ. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի  հեղինակն է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Նախագիծը նոր կարգավորումներ է սահմանում նաև փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առումով։ Այս կապակցությամբ գտնում ենք, որ առկա է անհրաժեշտություն որոշակիորեն հստակեցնել փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները՝ կախված թույլտրված ենթադրյալ խախտումների բնույթից։

Այսպես, փաստաբանի թույլ տված ենթադրյալ կարգապահական խախտումը կարող է վերաբերել ինչպես փաստաբան-վստահորդ այնպես էլ փաստաբան-դատարան, այլ պետական մարմիններ և այլ սուբյեկտներ հարաբերություններին, ինչպես նաև նրա հանրային կյանքին։ Սակայն, ի տարբերություն մյուս սուբյեկտների հետ հարաբերություններում կամ հանրային կյանքում փաստաբանի կողմից դրսևորած վարքագծի գնահատման, փաստաբան-վստահորդ հարաբերություններում փաստաբանի դրսևորած վարքագծի իրավաչափության գնահատումը շատ դեպքերում կարող է կախված լինել հատկապես այնպիսի տեղեկատվությանը տիրապետելու հանգամանքից, որը հանդիսանում է փաստաբանական գաղտնիք, հատկապես՝ տեղեկություն, հանձնարարություն, որը փաստաբանին է  փոխանցել նրանից իրավաբանական օգնություն հայցող անձը՝ վստահորդը։ Հետևապես ողջամիտորեն հիմնավորված ենք համարում և առաջարկում ենք Նախագծի՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները սահմանող հոդվածում նախատեսել հատուկ կարգավորում առ այն, որ փաստաբանի կողմից վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալիս թույլտրված ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ հարցերով կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ բացառապես իրավաբանական օգնություն հայցած անձի դիմումը։

Ներբեռնել