Արդար դատաքննության իրավունք. ողջամիտ ժամկետի խախտմանն առնչվող խնդիրներ

03.11.2023

Հրապարակվել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի «Արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցմանն առնչվող խնդիրներ» քաղաքականության փաստաթուղթը։ 


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից արդար դատաքննության իրավունքի բնագավառում նախորդիվ իրականացված ուսումնասիրությունները վկայում են ՀՀ-ում գործի քննության ողջամիտ ժամկետների համակարգային խախտումների առկայության մասին։  Միևնույն ժամանակ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն այս իրավունքի խախտման ճանաչման և փոխհատուցման ընթացակարգերի բնագավառում անհրաժեշտ և բավարար իրավակարգավորումներ, ինչն իր հերթին սահմանված իրավական պաշտպանության միջոցը դարձնում է անարդյունավետ։ Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված է արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը, դրա ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումները արդյունավետ չեն, ինչը վերահաստատվում է առկա իրավակիրառ պրակտիկայի տվյալներով:

Սույն հետազոտության նպատակն է վեր հանել այս բնագավառում առկա միջազգային փորձը՝ նպատակ ունենալով բացահայտելու այլ պետություններում ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը և մոդելները, ինչպես նաև այս բնագավառում առկա միջազգային չափանիշները։ Ուսումնասիրվել են ԵԽ անդամ հինգ պետությունների համապատասխան օրենսդրական ակտերը և միջազգային լավագույն չափանիշները։

Փաստաթղթի հեղինակները հանգում են այն եզրակացությանը, որ ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ է նախատեսել ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման առանձնահատուկ դատավարական ընթացակարգ, այդ թվում՝ հատուկ և սեղմ դատավարական ժամկետներ, դատարանի կողմից փաստական հանգամանքները ի պաշտոնե պարզելու իրավունքին, նյութերի հասանելիության ապահովմանն ուղղված կարգավորումներ և այլ վարույթային առանձնահատկություններ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հույս է հայտնում, որ փաստաթուղթը կնպաստի ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման առանձնահատուկ դատավարական ընթացակարգերի սահմանման ուղղությամբ իրավաստեղծ աշխատանքին։

***

Հետազոտությունն իրականացվել է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության աջակցությամբ։ 

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ 

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում Սերգեյ Գրիգորյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ փաստաթուղթն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Ներբեռնել

Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում

03.08.2022
Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

Դատավորների կարգապահական վարույթների թափանցիկություն

01.05.2022
Վերլուծությունը միտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների անհրաժեշտ թափանցիկության գնահատմանը և դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը: Հիմնական առաջարկները վերաբերում են էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունը ապահովելուն։

ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն․ արդար դատաքննության իրավունք

27.04.2021
Հետազոտության նպատակն է բացահայտել և վեր հանել Հայաստանի նկատմամբ կայացված՝ ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները այն գործերով, որոնցով Դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Առանձնացվել են Հայաստանի նկատմամբ կայացված մի շարք վճիռներ ուսումնասիրվել դրանց կատարման ուղղությամբ պետության ձեռնարկած ընդհանուր միջոցները, վերլուծվել են վերաբերելի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, իրավասու մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները։