«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերլուծություն. արդար դատաքննության իրավունք. Հայաստան» հետազոտության շրջանակներում առանձնացվել են Հայաստանի նկատմամբ կայացված մի շարք վճիռներ, ուսումնասիրվել են դրանց կատարման ուղղությամբ պետության ձեռնարկած ընդհանուր միջոցները, վեր են լուծվել վերաբերելի օրենսդրությունը և համապատասխան իրավակիրառ պրակտիկան, հետազոտության շրջանակներում իրավասու մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները: Առանձին դեպքերում հարցազրույցներ են անցկացվել փաստաբանների, ինչպես նաև որոշ դատավորների հետ՝ իրավակիրառ բնույթի խնդիրների համապարփակ վերլուծության շրջանակներում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի մակարդակում առկա այն խնդիրները, որոնք նպաստում են նույնաբովանդակ խախտումների կրկնմանը, խոչընդոտում են ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը պետության կողմից: Առավել կարևոր է այն, որ իրավիճակի վերլուծությունն ու խնդիրների նկարագրությունն ամփոփվում են կոնկրետ առաջարկություններով, որոնք պետք է նպաստեն ապագայում համանման խախտումների կանխարգելմանը։
Հետազոտությունը կատարվել է «Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների վերհանման միջոցով» ծրագրի շրջանակում, որնիրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։