Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից արդար դատաքննության իրավունքի բնագավառում նախորդիվ իրականացված ուսումնասիրությունները վկայում են ՀՀ-ում գործի քննության ողջամիտ ժամկետների համակարգային խախտումների առկայության մասին։
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովման համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, ի թիվս արագացնող միջոցների, պետք է ապահովեն փոխհատուցման միջոցներ՝ ողջամիտ ժամկետի պահանջի ցանկացած խախտման համար, որն արդեն առաջացել է գործի քննության ընթացքում։
Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված է արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը, դրա ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումները արդյունավետ չեն, ինչը վերահաստատվում էառկա իրավակիրառ պրակտիկայի տվյալներով:
Սույն հետազոտության նպատակն է վեր հանել այս բնագավառում առկա միջազգային փորձը՝ նպատակ ունենալով բացահայտելու այլ պետություններում ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը և մոդելները, ինչպես նաև այս բնագավառում առկա միջազգային չափանիշները։ Ուսումնասիրվել են ԵԽ անդամ հինգ պետությունների համապատասխան օրենսդրական ակտերը և միջազգային լավագույն չափանիշները։
Գտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ է նախատեսել ողջամիտ ժամկետի հիմքով արդարդատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման առանձնահատուկ դատավարական ընթացակարգ, այդ թվում՝ հատուկ և սեղմ դատավարական ժամկետներ, դատարանի կողմից փաստական հանգամանքները ի պաշտոնե պարզելու իրավունքին, նյութերի հասանելիության ապահովմանն ուղղված կարգավորումներ և այլ վարույթային առանձնահատկություններ։
Հույս ունենք, որ փաստաթուղթը կնպաստի ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման առանձնահատուկ դատավարական ընթացակարգերի սահմանման ուղղությամբ իրավաստեղծ աշխատանքին։
***
Սույն հետազոտությունն իրականացվել է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության աջակցությամբ։ Սույն փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատվություն են կրում Սերգեյ Գրիգորյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ փաստաթուղթն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
***
Փաստաթուղթը կարող եք ընթերցել՝ ներբեռնելով։