«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

28.07.2022

13.07.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ): 

Ըստ հրապարակված բնութագրի՝ Նախագծով առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։

Այնուամենայնիվ, Նախագծի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ մի շարք ասպեկտներով այն չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության  իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

 

 

Այսպես.

  1. Նախագծով  ներմուծվել է նոր՝ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» հասկացությունը (փոփոխությունը նախատեսված էր նաև նախորդ խմբագրությամբ նախագծով), որը բնորոշվում է հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրա­պետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբե­րություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:

 Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը պարարտ հող է ստեղծում տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակման համար: Եթե գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները պետք է առնվազն վերաբերեն Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին, և առկա պետք է լինի դրանց տարածմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնաս հասցնելու հավանականությունը, ապա առաջարկվող փոփոխությամբ որպես տեղեկատվութան սահմանափակման չափանիշ, ի թիվս այլոց, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու հավանականությունը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս: Փաստացի նախատեսվում են տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու լայն լիազորություններ և դրանք չարաշահելու հնարավորություն՝ նշված հասկացության քողի տակ գաղտնագրելու ցանկացած՝ պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն: Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Նույնիսկ մի կողմ թողնելով կարգավորման իրավաչափությունը՝ գտնում ենք, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու չափանիշով տեղեկությունների դասումը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դուրս է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից (նախագիծը այս հասկացության շրջանակներում ենթադրում է նաև պետական գաղտնիքի հետ որևէ առնչություն չունեցող տեղեկությունների ներառում): Ավելին, Նախագծով հաշվի չեն առնված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և պահանջները, որոնք պարտադիր են նաև հանրային նշանակության կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների համար:

Դիտարկումներին և առաջարկներին ամբողջությամբ ծանոթանալու համար ՆԵՐԲԵՌՆԵՔ փաստաթուղթը։

 

Ներբեռնել

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: