Ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի մասին

20.01.2022

05.01.2022թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի n 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի  հեղինակն է ՀՀ ոստիկանությունը: Նախագծով սահմանվում է ՀՀ ոստիկանության համակարգում գործող՝ ձերբակալվածներին պահելու վայրերի (այսուհետ նաև՝ ՁՊՎ) ներքին կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ): Սույնով ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Կանոնակարգում տեղ գտած մի շարք կարգավորումների կամ դրանց բացակայության իրավաչափության վերաբերյալ:

  1. Նշված Կանոնակարգի 8-րդ գլխով կարգավորվում են պահվող անձի՝ իր փաստաբանի, պաշտպանի և մերձավոր ազգականի հետ տեսակցելու իրավահարաբերութունները: Ըստ այդմ, Կանոնակարգի 52-րդ կետի համաձայն՝ պահվող անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման:

Գտնում ենք, որ առերևույթ խնդրահարույց է պահվող անձի՝ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցելու հնարավորություն չսահմանելը: Խնդիրը կարգավորված չէ նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք), որը նշված հնարավորությունը սահմանում է բացառապես կալանավորված և ոչ ձերբակալված անձանց համար: Գտնում ենք, որ նշված իրավակարգավորման բացակայությունն Օրենքում և Կանոնակարգում բացարձակապես անհիմն կերպով սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով սահմանված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչը հատկապես ակնհայտ է նույն իրավունքի՝ կալանավորվածի կարգավիճակ ունեցող անձի համար սահմանված լինելու պայմաններում (Օրենքի 15-րդ հոդվածը լրացվել/փոփոխվել է 2015թ. ՀՕ-191-Ն օրենքով):

2. Միևնույն ժամանակ, Կանոնակարգի 53-րդ կետի համաձայն, փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունը թույլատրում է ՁՊՎ պետը:

Այս դրույթը ուղղակիորեն հակասում է Օրենքի իրավակարգավորումներին, որոնք ՁՊՎ պետի որոշման անհրաժեշտություն սահմանում են բացառապես օրինական ներկայացուցչի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի տեսակցության դեպքերում: Սա նաև պարզապես տրամաբանական է, քանի որ փաստաբանի և պաշտպանի հետ տեսակցության հնարավորությունն, ի տարբերություն օրինական ներկայացուցչի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցելու, չի սահմանափակվում ոչ աշխատանքային օրերի և ժամերի հանգամանքով, ինչը նշանակում է, որ ՁՊՎ պետը պարզապես կարող է բացակայել իր աշխատավայրից փաստաբանի ներկայանալու պահին:

 

  1. Կանոնակարգի 18-րդ գլխով սահմանվում են ձերբակալված անձանց ազատելու հիմքերը և կարգը: Ըստ այդմ, 186-րդ կետի համաձայն՝ սահմանվում է ձերբակալվածներին ՁՊՎ-ից ազատելու 2 հիմք` 1) քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը, 2) Պետի որոշումը` արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ ձերբակալվածին ազատ արձակելու վերաբերյալ: Կանոնակարգը, կրկնելով Օրենքի բացը[1], որպես անձին ազատ արձակելու հիմք չի սահմանում դատարանի կողմից ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին որոշումը (այն ՁՊՎ աշխատակազմին ներկայացնելը):

            Այս իրավակարգավորումները ստեղծում են անձի անձնական ազատության իրավունքի չհիմնավորված սահմանափակման վտանգ և հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, որի 289.5 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝անձն անհապաղ ազատ է արձակվում, եթե դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Հարկ է նշել, որ անձը պարտավոր չէ մասնակցել իր ձերբակալման իրավաչափության ստուգման դատական գործին և հրավիրված նիստին, նրան կարող է ներկայացնել իր պաշտպանը: Ուստի նման իրավիճակում անհապաղ ազատ արձակման երաշխիքը, որը կգործեր դատարանի դահլիճում նրա գտնվելու պարագայում, Օրենքի և Կանոնակարգի իրավակարգավորումների պայմաններումչի գործի: Հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ խնդրի անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը՝ վերլուծելով կալանավորված անձի ազատ արձակումը կարգավորող՝ 2017թ.-իխմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասը («Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` …  կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է») և 143-րդ հոդվածի 5-րդ մասը («Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից»[2]): Սահմանադրական  դատարանը գտել է, որ «…Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի՝մեղադրյալին կալանքից ազատելու մասին որոշման առկայության պայմաններում հանձնարարականը չի կարող կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի համար դատավարական հավելյալ նախապայման հանդիսանալ մեղադրյալին կալանքից ազատելու հարցում»:

 

Հիմք ընդունելով վերը նշված խնդիրները և դրանց՝ մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից խիստ կարևոր լինելը՝

առաջարկում ենք

  1. նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ/լրացումներ՝ զուգահեռաբար լրամշակելով նաև Նախագծով սահմանված Կանոնակարգը՝ դրանցում սահմանելով.
    1. ձերբակալված անձի իրավունքը՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ տեսակցելու քրեական գործով պաշտպան (կամ ներգրավվելու համար ներկայացած պաշտպան) չհանդիսացող փաստաբանի հետ,
    2. ՁՊՎ վարչակազմի պարտականությունը՝ անհապաղ ազատ արձակելու ձերբակալված անձին՝ նրա ձերբալալման ոչ իրավաչափությունը հաստատող դատարանի որոշման ներկայացման հիմքով:
  2. Կանոնակարգից հանել 53-րդ կետը, որի համաձայն՝ փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունը թույլատրում է ՁՊՎ պետը:

 

 

[1] «Ձերբակալված անձանց  արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը:» - Հոդված 42

[2]  Դրույթը դադարել է գործել 2020թ. ընդունված ՀՕ-196-Ն օրենքի ուժով։

Ներբեռնել

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019
Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: