Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

24.03.2021

ՀՀ կառավարության կողմից 2021 թ. մարտի 11-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է, որ «յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից»:


Գործող օրենսդրական երաշխիքը արտացոլում է միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ երաշխավորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական կայունությունը և անկախությունը՝ որպես վերջինիս գործունեության արդյունավետության էական նախապայման:


Նման փոփոխությունն ակնհայտ հետընթաց է սահմանված չափանիշից և ենթադրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման կայունության սկզբունքից հրաժարում՝ ՄԻՊ գրասենյակի բնուջետային հատկացումներն որոշակիորեն կախման մեջ դնելով օրվա քաղաքական իշխանությունների կամքից: Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական կայունության և անկախության ապահովման օրենսդրական հստակ երաշխիքների նախատեսման, նման օրենսդրական փոփոխությունն ունակ է խաթարելու Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեության անկախությունն ու արդյունավետությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության երաշխիքներից է նաև ֆինանսական անկախությունը: Մասնավորապես, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ սկզբունքները (Փարիզյան սկզբունքներ)1 սահմանում են, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է ունենա ենթակառուցվածքներ, որոնք ունակ են ապահովելու հաստատության գործունեության սահուն /անխափան/ իրականացումը, մասնավորապես՝ համապատասխան ֆինանսավորում: Ֆինանսավորման նպատակն է ապահովել հաստատությունն իր աշխատակազմով և տարածքով՝ ի ապահովումն հաստատության անկախության Կառավարությունից և ի բացառումն ֆինանսական վերահսկողության, որը կարող է ազդել հաստատության անկախության վրա:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման Հավատարմագրման ենթակոմիտեի կողմից մշակված Ընդհանուր դիտարկումները2 ներառում են Փարիզյան սկզբունքների մեկնաբանությունները, որոնք բխեցվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրման բազմամյա գործընթացից: Մեկնաբանելով Փարիզյան սկզբունքներով սահմանված «համարժեք ֆինանսավորման» պահանջը՝ ենթակոմիտեն նշել է, որ թեև այս սահմանումը մասնակիորեն պայմանավորվում է ներպետական ֆինանսական վիճակով, պետությունները պարտավորություն ունեն պաշտպանելու հասարակության ամենախոցելի խմբերին, որոնք հաճախ մարդու իրավունքների խախտումների զոհ են դառնում՝ նույնիսկ ռեսուրսների սուր սահմանափակումների դեպքում: Ենթակոմիտեն վստահ է, որ այնուամենայնիվ, հնարավոր է առանձնացնել Փարիզյան սկզբունքներով ամրագրված այս պահանջի առանձին ասպեկտներ, որոնք պետք է հաշվի առնվեն ցանկացած հատուկ իրավիճակում: Դրանք ներառում են.

 Հանրության համար մատչելիությունը  Մարդու իրավունքների ազգային հաստատության աշխատակազմը  Հաստատության անդամները (տվյալ դեպքում Պաշտպանը)  Հաղորդակցության ենթակառուցվածքը  Գործունեության իրականացման համար հատկացումները (Ազգային հաստատությունները պետք է ստանան համարժեք հանրային ֆինանսավորում իրենց վերապահված լիազորությունները իրականացնելու համար: Ոչ բավարար բյուջեն կարող է ազգային հաստատությանը դարձնել ոչ արդյունավետ կամ սահմանափակել նրա լիարժեք արդյունավետությունը: Եթե հաստատությանը պետության կողմից վերապահված են լրացուցիչ գործառույթներ, օրինակ՝ ազգային կանխարգելման մեխանիզմի գործառույթներ՝ մարդու իրավունքների միջազգային պայմանագրի համաձայն, պետք է ապահովվեն լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ այդ գործառույթների իրականացումն ապահովելու համար):
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի 1615(2003) հանձնարարականը Օմբուդսմանի հաստատությունների վերաբերյալ, սահմանում է, որ «ցանկացած Օմբուդսմանի հաստատության արդյունավետ գործունեության համար էական է ունենալ երաշխավորված բավարար ռեսուրսներ հաստատության բոլոր պարտականությունների իրականացման համար»…: 3

Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված Օմբուդսմանի հաստատության պաշտպանության և խթանման վերաբերյալ սկզբունքները /Վենետիկյան սկզբունքներ/4 սահմանում են, որ Օմբուդսմանի հաստատությունը պետք է ապահովված լինի բավարար և անկախ բյուջետային միջոցներով: Օրենքը պետք է նախատեսի, որ Օմբուդսմանի հաստատության բյուջետային հատկացումները պետք է համապատասխանեն հաստատության պարտականությունների և գործառույթների լիարժեք, անկախ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությանը: Բյուջեի հատկացումների շուրջ Օմբուդսմանը պետք է խորհրդակցվի և ներկայացնի բյուջեի նախագիծ: Հաստատված տարեկան բյուջեն չի կարող կրճատվել, եթե նման կրճատումները չեն վերաբերում այլ պետական հաստատությունների ևս:

Վենետիկի հանձնաժողովն իր մի շարք կարծիքներում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ֆինանսավորման և ֆինանսական անկախության ապահովման խնդրին: Օրինակ, Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների հաստատության ֆինանսավորման վերաբերյալ կարծիքում Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է Օմբուդսմանի հաստատության ֆինանսական անկախությունը՝ ընդգծելով, որ օրենքը պետք է հստակորեն ամրագրի, որ բյուջետային հատկացումները պետք է բավարար լինեն հաստատության գործառույթների լիարժեք, անկախ և արդյունավետ իրականացման համար՝ հիմնված այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են, օրինակ, նախորդ տարվա ընթացքում հաստատության կողմից ստացված բողոքների քանակը:5 Նույն կարծիքում Վենետիկի հանձնաժողովը բացասաբար է արձագանքել Մարդու իրավունքների հաստատության մասին օրենքում փոփոխություններին, որոնք կարող են առաջացնել հաստատության բյուջեի հնարավոր սահմանափակումներ՝ չբացառելով նաև կառավարության հնարավոր միջամտությունը հաստատությանը բյուջետային հատկացումների իրականացմանը: Վենետիկի հանձնաժողովը նման օրենսդրական փոփոխության նախագիծը գնահատել է որպես հետընթաց քայլ, քանի որ այն անհստակ էր, ընդհանուր հղում էր կատարում վերաբերելի օրենքներին և զրկում էր Օմբուդսմանին բյուջեի նախագիծ ներկայացնելու լիազորությունից:6

Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝ գտնում ենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված երաշխիքը ենթակա է պահպանման: Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մատնանշված հնարավոր խնդիրը7 կարող է լուծվել գործող կարգավորմամբ բացառություն սահմանելով. այն է՝ «երբ Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված բյուջետային հատկացման չափը պակաս է նախորդ տարվա պետական բյուջով նախատեսված հատկացման չափից»:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ներբեռնել

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

24.12.2019
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019
Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: