Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

02.06.2023

03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ, լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև օրենքի գործողության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ միջամտության օրինականության ապահովման համար բավարար երաշխիքներ, որոնց սահմանումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռներով արտահայտած դիրքորոշումներից։ Այսպես

  1. Նախագծով հարկային մարմնի ներկայացուցիչներին թեմատիկ ստուգումներ իրականացնելիս տրվում է շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործվելու իրավասություն, ընդ որում` ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի եղանակով՝ երկու դեպքում էլ առանց դատարանի թույլտվության (Նախագծի հոդված 11, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 352.1 հոդվածով)։
  2. Նմանապես, Նախագծի կարգավորումներով սահմանվում է հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն՝  հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, առանց դատարանի թույլտվության։ Ընդ որում՝ առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ տարածքները, շինություններն, պահեստարանները ու այլ վայրերը, եթե  հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կամ այն անձը, ում մոտ իրականացվում է առգրավումը, հրաժարվում է կամովին բացել դրանք (Նախագծի 12 հոդված, որով փոփոխվում է Հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածը)։

Նշված կարգավորումները հարկային մարմնին տալիս են խիստ հայեցողական լիազորություն` տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին այնպիսի խիստ միջամտող գործողություններ, ինչպիսիք են գաղտնի տեսանկարահանումն ու հարկադրաբար շինություններ մուտք գործելով իրերի առգրավումը՝ միևնույն ժամանակ չնախատեսելով նշված միջամտության օրինականության ապահովման և չարաշահումներից խուսափելու համար անհրաժեշտ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսին  անկախ, հատկապես դատական մարմնի կողմից նախնական վերահսկողությունն է։

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ հարկային ստուգման շրջանակում գաղտնի տեսանկարահանման իրականացումը բովանդակային առումով և միջամտության աստիճանով նույնական է ներքին դիտում օպերատիվ-հետախուզական (գաղտնի քննչական) գործողության հետ, որն իրականացվում է դատարանի նախնական թույլտվությամբ (նույնիսկ եթե համարենք, որ առաջին դեպքում գաղտնի տեսանկարահանման նպատակը միայն ապացույցի ամրագրումն է, իսկ երկրորդ դեպքում նաև իրավախախտման բացահայտումը)։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտի կամքին հակառակ շինություններ մուտք գործելուն ու իրերի առգրավմանը՝ այն բովանդակային առումով նույնական է քրեական դատավարության շրջանակում իրականացվող առգրավում քննչական գործողությանը, որը թեև իրականացվում է ոչ գաղտնի, այնուամենայնիվ անձնական կյանքի իրավունքին միջամտության բարձր աստիճանի հաշվառմամբ նույնպես իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։

Նկատի ունենալով նշվածը՝ գտնում ենք, որ տարբեր տեսակի վարույթների շրջանակում մարդու անձնական կյանքի նկատմամբ բովանդակային առումով համանման միջամտություններ նախատեսելիս պետությունը չի կարող սահմանել չարաշահումների դեմ տարբեր դատավարական երաշխիքներ, իսկ ավելի ստույգ՝ մի դեպքում նախատեսել դրանք, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներով անդրադառնալով գաղտնի միջամտության միջոցների կիրառման համաչափությանն ու օրինականության նախապայմաններին՝ առանցքային նշանակություն է տվել բավարար դատավարական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով հատկապես դատարանի կողմից վերահսկողության կառուցակարգի կիրառման անհրաժեշտությունը[1]

Հարկ ենք համարում նախագծի հեղինակի ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա. բացառված չէ, որ առանց դատարանի թույլտվության, անձի կամքին հակառակ շինություններ մուտք գործելով առգրավում իրականացնելու արդյունքում ձեռքբերված իրերն ու փաստաթղթերը, ինչպես և վարչական վարույթի այլ նյութեր, հետագայում որպես ապացույցներ կարող են օգտագործվել քրեական վարույթների շրջանակում։ Այս պարագայում անկասկած առաջանալու են քննարկվող ընթացակարգի արդյունքում առգրավված նյութերը քրեական դատավարության շրջանակում որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցեր։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք

վերանայել Նախագծի՝ ստուգումների գաղտնի տեսանկարահանման և շինություններ մուտք գործելով իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն սահմանող դրույթները՝ նշված գործողությունների համար նախատեսելով նախնական դատական թույլտվության ստացման կառուցակարգ։

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանությաւն առանց սահմանների» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

 

[1] Տե'ս Klass and others v. Germany, no. 5029/71, §§ 55-56; Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 233։ Տե'ս այս և այլ գործերին անդրադարձող «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերլուծություն. մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք. Հայաստան» հետազոտությունը, https://ldpf.am/uploads/files/d70768ed98487c0018d16b3639493d04.pdf։

Ի՞նչ է փոխում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. ԻԶՊՀ առաջարկությունները

29.02.2024
Ազգային ժողովն այս օրերին քննարկում է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. նախագիծ, որ անկյունաքարային նշանակության նոր կարգավորումներ է ներդնում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։ Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Այնուհետև 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ:

ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ Կառավարության որոշման մաս

22.02.2024
Արդեն տևական ժամանակ է, ինչ ԻԶՊՀ-ի գործունեության մաս է օրենսդրական նախագծերի մշտադիտարկումը, վերլուծությունը, խնդիրներ վեր հանելն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը։ Այս կերպ կազմակերպությունը փորձում է նպաստել մարդու իրավունքներից բխող օրենսդրության ստեղծմանը։ Վերջերս ՀՀ Կառավարությունն ամբողջությամբ ընդունեց դատարանների գործունեության վիճակագրության բովանդակային բարելավմանն ուղղված ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ ընդգրկելով դրանք «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրում։

Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

29.01.2024
Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանրային գերակա շահին առնչվող նախագծերը խնդրահարույց են. կարծիք

10.01.2024
ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպությունները խնդրահարույց և մտահոգիչ են համարում ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերով առաջարկվող փոփոխությունները՝ համարելով, որ դրանց չհիմնավորվածությունն առնվազն հարցեր է առաջացնում փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Շրջանառությունից հանել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

08.01.2024
19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ )։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը։

Կարծիք պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի մասին

16.11.2023
31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ԻԶՊՀ-ն հրապարակում է իր կարծիքը։

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

24.10.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։

Խմբագրե՞լ, թե՞ ոչ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը. ԻԶՊՀ առաջարկը

11.10.2023
Արդարատադատության նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված այն հանցանքները, որոնք կատարվել են ոչ շահադի-տական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով՝ պատճառաբանելով, որ դրանք կոռուպցիոն հատկանիշներ չունեն։ Ըստ ԻԶՊՀ-ի՝ այդպես է միայն առաջին հայացքից։ Ավելին, Հիմնադրամն առաջարկում է հանել նախագծի հոդվածը։ Թե ինչու, կարդացեք։

Այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

10.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ մշակել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել երկու այլընտրանքային զեկույց: Զեկույցները մշակվել են Կոմիտեի 74-րդ նստաշրջանին ընդառաջ, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։ Դրանք անդրադառնում են ինչպես աշխատանքային իրավունքներին, այնպես էլ խտրականության արգելքին և առողջության իրավունքին։