Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելն անթույլատրելի է

30.01.2023

2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ։

Որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշումը անընդունելի և Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը դատապարտելի է մի շարք պատճառներով։

Այսպես, դեռևս 2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր էր ընտրվել Մնացական Մարտիրոսյանը, ինչի կապակցությամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարության համար հիմք են հանդիսացել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են Մնացական Մարտիրոսյանի քաղաքական հնչեղ գործերով ներգրավվածությունը, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ։ Ավելին, Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացրած դատական ակտերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումներ և քաղաքական հետապնդման փաստը, ինչը ի թիվս այլնի, որպես հետևանք ֆինանսական մեծ բեռ է դրել նաև պետության վրա։

Ավելին, Մնացական Մարտիրոսյանի բարեվարքության ստուգման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն։ Բացասական եզրակացություն տրվել է նաև որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի կողմից։

Հատկանշական է, որ Մնացական Մարտիրոսյանը վերջնական արդյունքում չի նշանակվել որպես հակակոռուպցիոն դատարանի դատավոր իր իսկ դիմումի համաձայն, սակայն կարճ ժամանակ անց վերջինս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի թեկնածու:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանի բացասական մասնագիտական հետագիծը ու բացասական բարեվարքությունը կասկած է առաջացնում հանրության մոտ, որ նա կարող է համապատասխանել դատավորին առաջադրված բարձր չափանիշներին:

Մնացական Մարտիրոսյանը շարունակում է մնալ ոչ բարեվարք դատավոր, որի առնչությամբ ցանկացած մասնագիտական առաջխաղացում էլ ավելի է մեծացնում դատական համակարգի և Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ հանրային անվստահությունը։[1]

Ավելին, Մնացական Մարտիրոսյանի նման ոչ բարեվարք դատավորներին առավել բարձր պաշտոններում առաջադրումը և նշանակումը դեմ է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման օրակարգին և վտանգում դատաիրավական ոլորտի բարեփոխումների օրակարգը և դրանով սահմանված նպատակները:

Եվս մեկ անգամ արձանագրվում է, որ դատավորների բարեվարքության գնահատման և դրանով պայմանավորված դատական պաշտոններում ընտրության գործիքը շարունակաբար անտեսվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, քանզի ոչ բարեվարք դատավորը ենթակա չէ պաշտոնավարման ոչ միայն հակակոռուպցիոն դատարանում, այլև առհասարակ դատական համակարգում: Իսկ Բարձրագույն դատական խորհրդի այսօրինակ որոշումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արդարադատության արատավոր բարքերի վերացման քաղաքականությանը։

Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները՝ անթույլատրելի ենք համարում Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում, ինչի կապակցությամբ պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում և առաջարկն առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

"Հանուն հավասար իրավունքների" կրթական կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

 

[1] Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրայն կարծիքի ուսումնասիրություն, https://www.crrc.am/wp-content/uploads/2022/11/Corruption-in-Armenia_Research-report_Arm.pdf; ինչպես նաև Public opinion survey: Residents of Armenia, 2019 https://www.iri.org/wp-content/uploads/legacy/iri.org/wysiwyg/iri_poll_armenia_september-october_2019.pdf

Ոստիկանության գործողությունները պետք է քննվեն

29.04.2023
ՀԿ-ներն անդրադարձել են վերջերս տեղի ունեցած դեպքերի ընթացքում ոստիկանության վարքագծին` պատկան մարմիններից պահանջելով քննել դրանք «Պոլիգրաֆ» տեխնոակումբի և կինոռեժիսոր Կարեն Հակոբյանի բարձրաձայնած տեղեկությունների համատեքստում։

ՀԿ-ները դատապարտում են Ալեն Սիմոնյանի պահվածքը

05.04.2023
ՀԿ-ները խստորեն դատապարտում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը և պահանջում Ազգային Ժողովի պատգամավորներից և հատկապես քաղաքական մեծամասնությունից ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:

Հայտարարություն՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

09.03.2023
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելն անթույլատրելի է

30.01.2023
2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշումը անընդունելի է և Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը դատապարտելի: Պատճառների մասին կարդացեք ամբողջական տեքստում։

Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

01.12.2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։

Պահանջում ենք քննարկել շահերի բախման պահանջների խախտման հարցը

10.10.2022
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: