ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022

2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է  Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և դատապարտելի ենք համարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը:

Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք: Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից:

Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը  և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը։

Նման ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։ Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարեցման օրակարգին և հետևանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ:

Սույնով նաև ստիպված ենք արձանագրել, որ Բարձրագույն Դատական Խորհուրդը ամբողջությամբ անտեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու իր իսկ կողմից որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի` թեկնածուների բարեվարքության եզրակացությունները։ Բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնության կողմից հակակոռուպցիոն այդ կարևոր գործիքի անտեսման մասին:

Մնացական Մարտիրոսյանի վերջնական նշանակման պարագայում ստիպված կլինենք վերագնահատել բարեվարքության ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակության, ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման», ներկայացուցչի մասնակցությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի կողմից Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը:

Այդ նպատակով պահանջում ենք Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանից չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

24.07.2023
Սույնով ներկայացվում են Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարցերը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ակնկալում ենք, որ նշված հարցերին կստանանք լիարժեք պատասխաններ: Նաև հուսով ենք, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն համապատասխան նախընտրական ծրագրերում։

Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: