Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023

31.08.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ 

Ընդունելով Նախագծում տեղ գտած փոփոխված ռազմավարության գործողությունների ծրագրում տեղ գրած գործողությունների կարևորությունը՝ անհրաժեշտ ենք համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։ Այսպես

  1. Առաջարկվում է գործողությունների ծրագրի «ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Հանձնառության հակիրճ նկարագիրը» տողում, «ինչպես նաև բոլոր դատական գործերի» բառերից հետո լրացնել «այդ թվում՝  դատական երաշխիքների վարույթների» բառերը։ Այս լրացում-հստակեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատական համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, համապարփակ վիճակագրության վարման պահանջն ապահովվի ոչ միայն գործերի ըստ էության քննության վարույթներով, այլ նաև պակաս կարևորություն չունեցող մյուս վարույթների մասով, այնինչ Նախագծի գործող խմբագրության մեջ առկա շարադրանքը կարող է որոշակի տարընթերցման տեղ թողնել՝ վերը նշված վարույթները «բոլոր դատական գործերի» արտահայտության մեջ ներառված լինելու/չլինելու մասով։
  2. Միևնույն ժամանակ առաջարկվում է գործողությունների ծրագրի «ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Հանձնառության հակիրճ նկարագիրը» տողի «ա)» ենթակետում «գործերի տեսակներ, դատավորներ, ժամկետներ»  բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ըստ գործերի քննության ողջ տևողության» բառերը։ Սույն լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործողությունների ծրագրում մի կողմից նշված է, որ, գործող իրավակարգավորումների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողության որոշման ցուցիչները երկուսն են, այն է՝ նիստերի քանակ և ժամանակ (հաշվարկի միավոր` ժամ), այնուամենայնիվ, չի ուրվագծվում այս վիճակագրական ցուցիչների կատարելագործման միջոցը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ գործող երկու ցուցիչները հնարավորություն չեն տալիս ստանալու գործերի քննության տևողության վերաբերյալ իրական և առավել արդիական տեղեկատվություն և բավարար չեն գործերի քննության տևողության ողջամտությունը գնահատելու համար, ավելին, նշված վիճակագրական տվյալի հավաքման անհրաժեշտությունը բխում է նաև միջազգային չափորոշիչներից, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) հաստատած դատական վիճակագրության վերաբերյալ ուղենիշներից։

ԻԶՊՀ-ն օրենսդրական նախագծերի շուրջ իր աշխատանքն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

Ներբեռնել

Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

24.02.2025
Մի խումբ համախոհ կազմակերպություններով հանդես ենք եկել առաջարկություններով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ ՀԿ-ները առաջարկում են դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական տվյալների պաշտպանության հարցում։

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը

12.02.2025
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը, որը ներկայացնում է 2024 թվականին քաղաքացիական հասարակության միջավայրի տարբեր ոլորտներում առկա զարգացումները, խնդիրները և առաջարկությունները։ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատականը մնացել է անփոփոխ՝ համեմատած 2023 թվականի հետ։ Առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները նույնպես շարունակում են արդիական մնալ։

2-րդ տեղեկատու, 2024

30.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը շնորհավորում է ձեր Ամանորը, մաղթում խաղաղ և ստեղծարար տարի։ Միաժամանակ ձեզ ենք ներկայացնում և ամփոփում 2024-ի երկրորդ կեսին մեր կատարած աշխատանքի տեսանելի մասը։

Իրավունքը բոլորի համար. սեղանի ուսուցողական խաղ

26.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մշակել է «Իրավունքը բոլորի համար» խաղը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, հաղորդել գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։ Խաղն ունի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ իրավունքի իմաստն ու դերը, ժողովրդավարության հիմնարար արժեքները,  մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները, պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, կուսակցությունների, շահերի խմբերի, հասարակական շարժումների գործառույթները մարդու իրավունքների ոլորտում, ընտրությունները, պետական իշխանության ճյուղերը և վարչական, քաղաքացիական (ընտանեկան և աշխատանքային իրավունք) և քրեական վարույթներ։

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։