«Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հիմնավորված չէ

22.02.2023

Սույն թվականի հունվարի 16-ին ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի կարգավորումների արդյունավետ կիրարկման, էկոլոգիական տեղեկատվության տարածման և մատչելիության ապահովման, ինչպես նաև այլ հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն,«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Գորիսի մամուլի ակումբը, Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը, «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ-ն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն կարծիք են հրապարակել նախագծի մասին, որում նշում են. «Օրենքի նախագծի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ մի շարք ոլորտներում նախագծով սահմանված կարգավորումները զգալի հետընթաց են արձանագրում տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում գործող իրավակարգավորումների համեմատությամբ»։

Կարծիքը ստորագրած կազմակերպությունները անդրադառնում են հետևյալ հարցերին՝ տեղեկատվության ազատության սահմանափակման հիմքեր, տեղեկատվության տրամադրման ժամկետներ և ընթացակարգեր, գրավոր հարցմանն առաջադրվող պահանջներ, էկոլոգիական տեղեկատվություն տրամադրողի գործողությունների կամ անգործության արտադատական բողոքարկում։ Նշվում է, որ համապատասխան իրավակարգավորումները հիմնականում ուղղակիորեն վերարտադրում են Օրհուսի կոնվենցիայի ընդհանրական ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Կոնվենցիայի նման անորոշ սահմանումները պայմանավորված են մասնակից պետություններում տարբեր իրավական համակարգերի և ինստիտուտների առկայությամբ։ Այսպիսով, առաջարկվող փոփոխությունները հաճախ ուղղակի  չեն համապատասխանում ՀՀ իրավական համակարգի առանձնահատկություններին և ձևակերպումներին։

Ամփոփելով կարծիքը՝ կազմակերպությունները նշում են, որ նախագիծը պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի։ Դրան զուգահեռ նախագիծը սահմանում է որոշակի իրավակարգավորումներ, որոնք կարող են նախատեսվել ոչ թե առանձին օրենքի, այլ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ կրկնություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով առանձին օրենքի ընդունման անհրաժեշտության բացակայությունը։ Օրինակ՝ պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի ընդլայնմանը, այն պարբերաբար թարմացնելուն, մերժման ոչ ենթակա էկոլոգիական տեղեկատվության ցանկի սահմանմանն ուղղված կարգավորումները կարող են նախատեսվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում՝ լրացումների կատարման ճանապարհով։

Կարծիքն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել

Որո՞նք են «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների խնդրահարույց կետերը

08.02.2023
17.01.2023 թ․ Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փորձագիտական կարծիքով ԻԶՊՀ-ն անդրադառնում է նախագծի խնդրահարույց կետերին և համապատասխան առաջարկություններ ներկայացնում։

Ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակման ռիսկերի մասին

10.01.2023
ԻԶՊՀ այս կարծիքն անդրադառնում է 22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Մատչելի դարձնել նաև դատարանների շենքերը

20.11.2022
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

18.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս կարծիքն ամփոփում է ԹԻՀԿ-ի և ԻԶՊՀ-ի դիտարկումները ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման լուծարման անհրաժեշտության և նոր ձևավորվող կառույցի՝ խորհդարանի առաջ հաշվետվողականության վերաբերյալ։

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։

Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով համանուն օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում: