Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

24.02.2025

2025 թվականի փետրվարի 6-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տեղադրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև․

Նշված նախագծով առաջարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավելյալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»։ 

Որպես կատարվող փոփոխության հակիրճ հիմնավորում հեղինակը նշել է, որ «սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից  համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսավորման աղբյուրից, որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալներ։»

Տվյալ նախագծի վերաբերյալ առկա է մի քանի դիտարկում, որոնք վերաբերում են նախագծի հեղինակին, հիմնավորվածությանն ու որոշակիությանը և բժշկական գաղտնիքի պահպանմանը։

1 Նախագծի հեղինակը․ Համաձայն e-draft.am կայքէջի քննարկվող նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ նախագիծը կապված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.5 Առողջապահություն», «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» և «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժիններին։ Միաժամանակ յուրաքանչյուր նախարարության լիազորությունների շրջանակը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով։ Համաձայն դրա՝ նշված ոլորտներում քաղաքականության մշակումը պատկանում է Առողջապահության նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը։ Գտնում ենք, որ նշված նախագծի մշակումը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից և դուրս է Պաշտպանության նախարարության գործառույթներից։

2. Հիմնավորվածություն և որոշակիություն․ Նախագծով առաջարկվող փոփոխության տեքստը բավականին ընդհանրական է գրված և հիմնավորման նպատակի համեմատ շատ լայն է։ Ըստ նախագծի հիմնավորման փոփոխությամբ առաջարկվող նպատակը առողջապահության ոլորտում կատարվող վճարումների համար որոշակի հսկողություն սահմանելն է՝ կատարվող վճարումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ տվյալներ ստանալու եղանակով։ Սակայն օրենքի փոփոխության նախագծի մեջ դա հստակ նշված չէ և հետագայում Կառավարությունը կարող է վճարային քարտերով այլ ոլորտներում կատարվող վճարումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության ստացման կարգ սահմանել։ 

3 Բժշկական գաղտնիքի պահպանումը․ Առաջարկվող կարգավորումը որոշակի առումով կարող է առաջացնել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիք կազմող տվյալների լրացուցիչ միջամտության հավանականություն։ Ներկա պահին պետությունը տեղեկատվություն ստանում է այն բժշկական ծառայությունների վերաբերյալ, որոնք կատարվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում։ Առաջարկվող կարգավորումից հետո, եթե Կառավարությունը սահմանի լրացուցիչ տվյալների ցանկ, կստացվի, որ ցանկացած բժշկական ծառայության համար անկանխիկ վճարում կատարելիս, պետությունը կարող է ստանալ տվյալ թե բանկային հաշվեհամարի տերը որ բուժհաստատությունում ինչ բժշկական սպասարկում է ստացել։ Այսինքն` անձի սեփական միջոցներով կատարված բժշկական սպասարկման մանրամասները հայտնի են դառնում նաև այլ շրջանակի, ինչը համարվում է օրենքով և այլ իրավական ակտերով պաշտպանվող տվյալների լրացուցիչ հավաքագրում ու իրավունքների միջամտություն։

Առաջարկում ենք դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի  անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։   

 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ներբեռնել

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների կարգապահական վարույթ. ՀԿ-ները կարծիք են հրապարակել

08.02.2025
Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հետ համատեղ կարծիք է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացմանը։ Կազմակերպությունները նաև արձանագրել են Նախագծով սահմանված մի շարք դրական փոփոխությունների կատարումը:

Հանրագիր՝ վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով

04.07.2024
ԻԶՊՀ-ն վարչական դատավարությունում դատական վարույթի հրապարակայնությունը սահմանափակող կարգավորումները փոփոխելու վերաբերյալ էլեկտրոնային հանրագիր է ներկայացրել։ Կազմակերպությունն արձանագրել է, որ գործը կամ դրա մի մասը վարչական դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում իմպերատիվ կերպով դռնփակ անցկանցելու վերաբերյալ օրենսդրական պահանջը իրավաչափ չէ և հանգեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

21.05.2024
10․04․2024 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման են դրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանցով առաջարկվող որոշ փոփոխություններ համարում ենք խնդրահարույց և մտահոգիչ՝ դատավարության մասնակիցների իրավունքները անհամաչափ սահմանափակելու բարձր հավանականություն ստեղծող։

Ի՞նչ է փոխում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. ԻԶՊՀ առաջարկությունները

29.02.2024
Ազգային ժողովն այս օրերին քննարկում է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. նախագիծ, որ անկյունաքարային նշանակության նոր կարգավորումներ է ներդնում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։ Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Այնուհետև 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ:

ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ Կառավարության որոշման մաս

22.02.2024
Արդեն տևական ժամանակ է, ինչ ԻԶՊՀ-ի գործունեության մաս է օրենսդրական նախագծերի մշտադիտարկումը, վերլուծությունը, խնդիրներ վեր հանելն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը։ Այս կերպ կազմակերպությունը փորձում է նպաստել մարդու իրավունքներից բխող օրենսդրության ստեղծմանը։ Վերջերս ՀՀ Կառավարությունն ամբողջությամբ ընդունեց դատարանների գործունեության վիճակագրության բովանդակային բարելավմանն ուղղված ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ ընդգրկելով դրանք «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրում։

Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

29.01.2024
Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանրային գերակա շահին առնչվող նախագծերը խնդրահարույց են. կարծիք

10.01.2024
ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպությունները խնդրահարույց և մտահոգիչ են համարում ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերով առաջարկվող փոփոխությունները՝ համարելով, որ դրանց չհիմնավորվածությունն առնվազն հարցեր է առաջացնում փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Շրջանառությունից հանել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

08.01.2024
19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ )։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը։

Կարծիք պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի մասին

16.11.2023
31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ԻԶՊՀ-ն հրապարակում է իր կարծիքը։

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։