Որո՞նք են «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների խնդրահարույց կետերը

08.02.2023

17.01.2023 թ․ Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ)։

Նախագծով, ի թիվս այլ կարգավորումների, առաջարկվում է կատարել գործող օրենքում հետևյալ փոփոխությունները, որոնք, կարծում ենք, խնդրահարույց են և հետադիմական, համեմատ «Դատախազության մասին» գործող օրենքի (այսուհետ` նաև Օրենք)  կարգավորումների։ Այսպես․

  1. Նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով) կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին։ Նշված փոփոխությունն, ըստ հեղինակի, պայմանավորված է նրանով, որ գործող կարգավորումների պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը առանցքային դերակատարում ունի դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման, ինչպես նաև դատախազների ատեստավորման գործընթացում, իսկ Արդարադատության ակադեմիան իրականացնում է դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը և դատախազների վերապատրաստումը:

 

  1. Նախատեսվում է Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը վերախմբագրել՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները արտահերթ կարգով ձևավորելիս վերացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից բարեվարքության վերաբերյալ եզրակացություն ստանալու պահանջը, իսկ Նախագծով սահմանված նոր խմբագրությամբ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում թվարկված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակների դեպքում՝ ըստ էության վերացնելով նաև Հանձնաժողովի դրական եզրակացության առկայության անհրաժեշտությունը (վերջին դեպքերում սահմանվում է պարզապես, որ դատախազը ցուցակում ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա` գլխավոր դատախազի հրամանով)։ Նշված փոփոխության որևէ հիմնավորում տեղ չի գտել Նախագծի ներկայացված հիմնավորումներում։

Առաջին կետում նշված փոփոխության վերաբերյալ, կարծում ենք, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի՝ Հանձնաժողովում ընդգրկվելու պարագայում շահերի բախման վերաբերյալ պատճառաբանությունը առնվազն ներկայացված փաստարկումների շրջանակում (ծանոթ ենք նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացված բանավոր հիմնավորումներին) չի հիմնավորվում, պարզ չէ հատկապես՝ ինչպիսի շահեր է յուրաքանչյուր կառույցին վերագրում հեղինակը, որոնց բախման մասին է խոսքը, առավել ևս, որ հենց հեղինակի և դատախազության ներկայացուցչի փաստարկումներով է արձանագրվում այն օբյեկտիվ իրողությունը, որ Արդարադատության ակադեմիայի գործունեության առաջնային նպատակն է հենց որակյալ կադրերի պատրաստումը/վերապատրաստումը, դրանցով այդ թվում դատախազական համակարգի ապահովումը, ինչը ավելի շատ հնարավոր է որակել որպես շահերի ընդհանրության, այլ ոչ դրանց բախման իրավիճակ։

Ինչ վերաբերում է երկրորդ կետում նշված փոփոխությանը, գտնում ենք, որ այս կարգավորումը ուղղակի հետադիմական է համեմատ գործող կարգավորմանը և հատկապես Կառավարության հայտարարած՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման և դրանում հետևողականության մոտեցում որդեգրելու համատեքստում։ Բացի դրանից՝ ինչպես նշվեց, հեղինակը, ի տարբերություն Նախագծում ընդգրկված այլ փոփոխությունների, այս փոփոխության մասով չի ներկայացրել որևէ փաստարկում ո՛չ գրավոր հիմնավորման մեջ, ո՛չ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Այդպիսիք չհանրայնացվելու դեպքում նաև հնարավոր չէ դատողություններ անել փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։

Առաջարկ

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նախանշված փոփոխությունները կատարելուց։

Ներբեռնել

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի կարգավորման մասին

22.09.2023
ԻԶՊՀ-ն անդրադառնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել մեխանիզմներ, որոնք ըստ անհրաժեշտության կմեղմեն աշխատողների ֆինանսական բեռը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

15.09.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

28.07.2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ 

Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

02.06.2023
03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Կարճ ժամկետներ՝ հանրային ծառայությունից ազատվելու բողոքների քննության համար

30.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է լրամշակել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալների՝ ՄԻՊ-ին հասանելի լինելու մասին

22.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է պահպանել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։

Առաջարկներ՝ Վարչական դատավարության օրենսգրքում ներառելու համար

08.05.2023
ԴԱՀԿ անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ, տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյա ժամկետ, հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում բողոքի քննության շրջանակում հրավիրելու և հարցաքննելու առաջին ատյանի դատարանում արդեն իսկ հարցաքննված, ինչպես նաև չհարցաքննված վկաներին. սրանք ԻԶՊՀ առաջարկներն են՝ Վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների շրջանակում։

«Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հիմնավորված չէ

22.02.2023
Մի խումբ հասարակական կազմակերպություններ կարծիք են հրապարակել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նրանք նշում են, որ մի շարք ոլորտներում Նախագծով սահմանված կարգավորումները զգալի հետընթաց են արձանագրում տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում գործող իրավակարգավորումների համեմատությամբ։

Որո՞նք են «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների խնդրահարույց կետերը

08.02.2023
17.01.2023 թ․ Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փորձագիտական կարծիքով ԻԶՊՀ-ն անդրադառնում է նախագծի խնդրահարույց կետերին և համապատասխան առաջարկություններ ներկայացնում։