Անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ

29.07.2021

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության ջանքերին։

2020թ․ նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան ՀՀ հետ սահմանի երկայնքով չի դադարում։ Այսպես․ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են Հայաստանի Հանրապետության մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, խաթարում բնակիչների անդորրը և առօրյան, իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ, իրականացնում մի շարք այլ ապօրինի գործողություններ։

Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ։ Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, միջազգային իրավական նորմերի բացահայտ ոտնահարմամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տեղեկությունների համաձայն ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Կրակոցներն ինտենսիվ են եղել, արձակվել են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ադրբեջանական հարձակման արդյունքում սկսված մարտի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի 3 զինծառայողներ, ևս 5-ը վիրավորվել են:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ անվտանգության մարտահրավերները, համարում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ
 

Ներբեռնել

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: