Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում Ռուբեն Վարդազարյանի շուրջ հարուցված քրեական գործերի հնարավոր դրդապատճառների, քրեական արդարադատության իրականացմանը և քրեական գործերի քննությանը միջամտելու առերևույթ փաստերի վերաբերյալ, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմինների անկախության և անաչառության, քրեական արդարադատության արդյունավետության, այնպես էլ դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության ապահովման համատեքստում:

Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի և օրինակելի լինեն ողջ հասարակության համար:

Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ։

Բարձրագույն դատական խորդհրի անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են: Նման հանգամանքներում, Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:

Միաժամանակ, հերթական անգամ արձանագրում ենք, որ դատական և իրավական համակարգում նման դրսևորումները ՀՀ իշխանությունների կողմից վեթինգի և անցումային արդարադատության տապալման և չիրականացման արդյունք են: Քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրացվել է դատական և իրավապահ համակարգում վեթինգի և լյուստրացիայի անհրաժեշտության մասին, ինչն իրականացնելու քաղաքական կամք գործող իշխանությունները չունեցան:

Կարևորելով Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովումն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և առողջ ընկալումների ձևավորումը՝ պահանջում ենք

  • Բարձրագույն դատական խորհրդի՝ հրապարակված խոսակցությանը մասնակից բոլոր անդամների անհապաղ հրաժարականը,
  • Իրականացնել հրապարակված խոսակցության ընթացքում դրա մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
  • Իրականացնել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քննվող և չհարուցված քրեական գործերի օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
  • Ապահովելով պատշաճ օրենսդրական կարգավորումներ՝ իրականացնել դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։