Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։
Անդրադառնալով նախագծի հիմնավորվածությանը՝ Դավիթ Գյուրջյանն ասել է, որ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանում ունենալը՝ նրանց զենք և այլ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունն ակնհայտ է։ «Պարզապես մենք խնդիրը դիտարկել ենք համաչափության տեսանկյունից։ Օրինակ՝ նախանշվել են իրավիճակներ, երբ պարզապես անձի՝ ձեռքը գրպանը տանելը կարող է հիմք լինել մարտական զենք կիրառելու համար»,- ասել է բանախոսը։ Ըստ նրա՝ չեն մասնավորեցվում զենքի կիրառման սահմանափակումները, օրինակ՝ մարմնի որ մասին կարելի է կրակ արձակել։ Խնդրահարույց է նաև այն, որ առանց նախազգուշացման զենքի կիրառման հնարավորություն է տրված: «Կարծում ենք՝ կարելի է ավելի մանրամասն կարգավորումներ ներդնել` հնարավորությունը տալով ծառայողներին», - ամփոփել է Գյուրջյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ Էմմա Ավագյանը նշել է, որ պատրաստ են լրամշակել նախագիծը՝ իրավաչափության լրացուցիչ մեխանիզմներ ավելացնելու նպատակով։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի