Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022

Հետաքննող լրագրողների կողմից օրերս իրականացված ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է դարձել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ տարածքը գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։

2022 թվականի հուլիսի 14-ին հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում։ Ըստ տեղեկության՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝Հատիս լեռան ճանապարհին արդեն իսկ տեղադրվել են դարպասներ, որոնք թույլ չեն տալիս կողմնակի անձանց հատել դարպասներն ու բարձրանալ լեռը։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:

Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»:

2008 թվականից ի վեր Հատիսը ճանաչված է որպես բնության հուշարձան:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ բնության հուշարձանը «գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ» է: Ըստ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ՝ «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»։

Ավելին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է շրջակա միավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը եւ նախատեսվող գործունեության տեսակները։ Նույն հոդվածի 8-րդ մասը նախատեսում է, որ փորձաքննության ենթակա են նաև այդ հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։

Այսինքն, մինչ Կառավարության կողմից նախնական թույլտվություն տալը, ծրագրի հեղինակները պարտավոր էին իրականացնել օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը, քանի որ քննարկող տարածքը ինչպես ներկայացվեց, համարվում է հատուկ պահպանության ենթակա բնության հուշարձան։

Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման եւ նշված տարածքների օտարման առնչությամբ ակնհայտ են առնվազն հետևյալ խնդիրները՝

 – Հանրային նշանակության եւ մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը լի է կոռուպցիոն ռիսկերով, և հերթական անգամ վեր է հանում ՀՀ իշխանությունների անհետևողական, ոչ թափանցիկ գործունեությունը, ինչը մեծացնում է իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը։

– ՀՀ իշխանությունները, ի դեմս Կառավարության, խախտում են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության օրենսդրությունը։ Մինչդեռ Կառավարությունը առաջնային պատասխանատվություն է կրում հետևել ՀՀ օրենսդրությանն ու հետևողական լինել մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանը։

– ՀՀ իշխանությունները եւ արձանի կառուցման հեղինակները կոպտորեն խախտում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջները։

–  Հանրային նշանակության և նման կարևորության հարցի առնչությամբ ակնկալվում էր հանրային լսումների անցկացում, որը անտեսվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչդեռ նման լսումները կարող էին օբյեկտիվ քննության առարկա դարձնել ինչպես արձանի կառուցման նպատակային նշանակության և անհրաժեշտության, այնպես էլ անօրինական կերպով մշակութային հուշարձանը օտարելու հետ կապված մի շարք հարցեր։

Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, հարցի առնչությամբ տիրող հանրային բողոքն ու ակնհայտ անօրինականությունները՝

 

Պահանջում ենք՝

  • Անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա եւ տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացում,
  • Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման Կառավարության նախնական համաձայնությունը,
  • Իրականացնել հանրային լսումներ արձանի կառուցման նպատակային նշանակության եւ անհրաժեշտության վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ,
  • Իրականացնել քննություն Հատիս լեռան գագաթի օտարման ու սեփականաշնորհման օրինականության ստուգման նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել Հատիս լեռան վրա ապօրինի շինարարական աշխատանքների կատարումն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ

Երևանի Մամուլի Ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Գորիսի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

 

Լուսանկարը՝ Վիգեն Սարգսյանի

Ներբեռնել

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։