Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում Ռուբեն Վարդազարյանի շուրջ հարուցված քրեական գործերի հնարավոր դրդապատճառների, քրեական արդարադատության իրականացմանը և քրեական գործերի քննությանը միջամտելու առերևույթ փաստերի վերաբերյալ, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմինների անկախության և անաչառության, քրեական արդարադատության արդյունավետության, այնպես էլ դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության ապահովման համատեքստում:

Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի և օրինակելի լինեն ողջ հասարակության համար:

Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ։

Բարձրագույն դատական խորդհրի անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են: Նման հանգամանքներում, Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:

Միաժամանակ, հերթական անգամ արձանագրում ենք, որ դատական և իրավական համակարգում նման դրսևորումները ՀՀ իշխանությունների կողմից վեթինգի և անցումային արդարադատության տապալման և չիրականացման արդյունք են: Քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրացվել է դատական և իրավապահ համակարգում վեթինգի և լյուստրացիայի անհրաժեշտության մասին, ինչն իրականացնելու քաղաքական կամք գործող իշխանությունները չունեցան:

Կարևորելով Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովումն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և առողջ ընկալումների ձևավորումը՝ պահանջում ենք

  • Բարձրագույն դատական խորհրդի՝ հրապարակված խոսակցությանը մասնակից բոլոր անդամների անհապաղ հրաժարականը,
  • Իրականացնել հրապարակված խոսակցության ընթացքում դրա մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
  • Իրականացնել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քննվող և չհարուցված քրեական գործերի օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
  • Ապահովելով պատշաճ օրենսդրական կարգավորումներ՝ իրականացնել դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022
2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Դիրքորոշում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

01.05.2022
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, որի ժամանակ մենք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրինք դիրքորոշում նախագծով չլուծված որոշ հարցերի վերաբերյալ։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև: