ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանի (և հետևաբար՝ նաև արտաքին աշխարհի հետ) և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և հաղորդակցության միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է: Ռազմական գործողությունների հետևանքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ենթարկվել են էթնիկ զտման: Գրանցվել են մեծ թվով արտադատական սպանություններ հիմնականում իրենց տներում մնացած խաղաղ բնակիչների՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ:

 

2020 թվականի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրած եռակողմ հայտարարությոնից հետո, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև տարբեր մեթոդներով ահաբեկչական գործողությունները, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հոգեբանական ճնշմամբ և ահաբեկումներով, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ, ինչպես նաև հրադադարի հայտարարության խախտմամբ և քաղաքացիական համայնքների ռմբակոծությամբ:

Հրադադարի հայտարարությունից հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք քաղաքացիական անձինք են դիտավորյալ սպանվել և ավելի քան 10 քաղաքացիներ վիրավորվել են. նրանց մեծ մասն զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Նշված միջադեպերից որոշ դեպքեր տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ:

Իրավիճակն ավելի է սրվել 2022 թվականի փետրվար ամսից: Ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ամեն օր բարձրախոսների միջոցով կոչ են անում բնակիչներին լքել իրենց բնակավայրերը, «քանի որ նրանք ապրում են Ադրբեջանի տարածքում և պետք է ենթարկվեն ադրբեջանական հրահանգներին»: Հայերին ուղղված իրենց տները լքելու կոչերն ուղեկցվում են այդ «հրամաններին» չենթարկվելու դեպքում ուժ կիրառելու սպառնալիքներով։

Ադրբեջանական զինված ուժերի նմանատիպ գործողություններ գրանցվել են Խրամորթ, Նախիջևանիկ, Նոր Շեն և Թաղավարդ գյուղերում: Բացի այդ, 2022 թվականի մարտի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ֆեսյբուքյան պաշտոնական էջն ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում էջում տեղադրվել է Ասկերանի շրջանի բնակչությանն ուղղված՝ իրենց տները 168 ժամվա ընթացքում լքելու կոչ-պահանջ:

Տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ ականանետերից կանոնավոր կրակոցներ են արձանագրվել շփման գծի մոտակա գյուղերում, այդ թվում՝ Խրամորթում, Խնապատում, Նախիջևանիկում, Նոր Շենում, Կարմիր Շուկայում, Խնուշինակում և Պարուխում։

Կրակոցների արդյունքում վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք: 2022 թվականի փետրվարի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Խնապատ գյուղի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ: 2022 թվականի մարտի 10-ին, Խնապատ գյուղի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը իր այգում աշխատելիս վիրավորում է ստացել ականանետից կրակոցների արդյունքում: Ուժեղ հրետակոծության և իրական սպառնալիքի պատճառով նույն օրը Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները:

Ադրբեջանի կառավարությունը նաև կիրառում է միջոցներ՝ վնասելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապայմանների համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: 2022 թվականի մարտի 8-ի գիշերը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ գազատարը և ադրբեջանական կողմը խոչընդոտել է ռուս խաղաղապահների և աշխատողների մուտքը դեպի գազատարի վնասված հատված։ Ռուս խաղաղապահների ներգրավմամբ բանակցություններն 10 օրից ավելի որևէ արդյունք չեն արձանագրել: Գազի խողովակը վերանորոգվել է միայն 2022 թվականի մարտի 19-ին՝ վերականգնելով դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Երկու օր անց, սակայն, գազամատակարարումը դադարեցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ըստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանների, կան հավաստի փաստեր, համաձայն որոնց՝ վերակառուցման աշխատանքների ընթացքում կամ դրանց քողի ներքո Ադրբեջանի իշխանությունները գազատարի վրա փական են տեղադրել, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ցանկացած պահի դադարեցել գազամատակարարումը։

Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 բնակիչ ամբողջությամբ զրկված է բնական գազից, ինչպես նաև ջեռուցումից և տաք ջրից ձմռան (ցուրտ)՝ առատ ձյան և զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլ կենսական օբյեկտներն ու ենթակառուցվածքները մնում են առանց գազամատակարարման: Առանց գազամատակարարման նաև անհնար է հաց թխել՝ առաջացնելով նաև հացի խնդիր:

Ադրբեջանի կառավարության կողմից հայերի նկատմամբ նշված գործունեությունը հայատյացության և ատելության համակարգված պետական քաղաքականության մի մասն է, ինչը ճանաչվել և դատապարտվել է միջազգային կառույցների, այդ թվում՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI), Արդարադատության միջազգային դատարանի (ICJ), Եվրախորհրդարանի և այլ մարմինների կողմից:

Ագրեսիան և ցեղասպանություններն տեղի են ունենում և տարածվում են ամբողջ աշխարհում, քանի որ ագրեսորներն ու ավտորիտար ռեժիմները գործում են բացարձակ անպատիժ և առանց պատշաճ դատապարտման միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներով կառավարվող պետությունների կողմից:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդու իրավունքները, ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի մարդու իրավունքների խախտումների քաղաքականությունը և կանխի հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև նպաստելու միջազգային կազմակերպությունների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում` աջակցելու խաղաղության և Լեռնային Ղարաբաղի բնակչութան անվտանգության ապահովմանը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության

վերլուծական կենտրոն

Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Ներբեռնել

Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով համանուն օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում

03.08.2022
Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

28.07.2022
Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում

11.07.2022
Փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում Արցախի բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների բծախնդիր հավաքագրման և վերլուծության վրա:

Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։