Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ

03.04.2024

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները։

Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ 

Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան։ Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաև հանրության սեփականությունը։ 

Մասնավորապես, 2024թ․ մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից  ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։ 

2024թ․ ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ և վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։ Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։

Մտահոգիչ են  տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, ովքեր ոստիկանության բաժանմունքում, այնուհետև նաև քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին և հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։

Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։ 

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է ապահովել  նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։ 

Նման օրինակներից է նաև 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։ 

Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության և շարունակական անգործության հետևանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են և խորքային բարեփոխումներ տեղի չի  ունեցել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարող քաղաքական ուժից․

  • Իրականացնել իրական և արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝ ոստիկանությունում, քննչական մարմիններում և դատախազությունում,
  • Հեռացնել ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության և իրավապահ համակարգում, 
  • Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին,
  • Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում,
  • Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ, 
  • Ներդնել և ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում,
  • Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում,
  • Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը և քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը:

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքի կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ 

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ ՔՀԿ-ները խստորեն դատապարտում են մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽանդամ ընտրելուց։

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024
ԻԶՊՀ-ն միացել է ՀԿ-ների հայտարարությանը, որով ստորագրողները անդրադառնում են տեսահսկման համակարգերի տեղադրմանն առնչվող ՆԳՆ նախագծին, այն օրակարգից հանելուն և փուլային լուծման տարբերակին։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ ՀԿ-ները կարծում են, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ ՀԿ-ները նաև պատրակաստակամություն են հայտնել մասնակցելու կատարվելիք աշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։

Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ

03.04.2024
Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները:

ՔՀԿ-ների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

28.03.2024
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

18.03.2024
Միջպետական գանգատներից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։