«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

18.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից քննարկման է ներկայացվել « Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին » ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները.

  1. Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ձևավորման և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների գործունեության նպատակահարմարության վերաբերյալ.

 

Ներկայացված նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝ 1. Ծառայությունը, 2. Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում, 3. Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) հետախուզության ստորաբաժանումը: Ներկայումս ՀՀ-ում արտաքին հետախուզական գործունեություն իրականացվում է ԱԱԾ և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից: Ընդ որում, ԱԱԾ կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացմանն օժանդակում են ԱԱԾ կենտրոնական և տարածքային մարմինների համապատասխան ծառայությունները, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտաքին հետախուզական գործունեությունն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող գործունեությունն է, որն ուղղված է ՀՀ կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն և մշակելուն, ՀՀ արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, բնապահպանական և կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականությանն աջակցելուն: Վերոնշյալ իրավակարգավորումներն ակնհայտորեն ամրագրում են, որ ըստ էության արտաքին հետախուզության իրականացման ոլորտում ուղղվածության տեսանկյունից համընկնում են Ծառայության և ԱԱԾ գործունեության ուղղությունները: Նախագծով նախատեսված չէ նաև ապագայում ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեության ստորաբաժանման լուծարում՝ նոր Ծառայության ամբողջական կազմավորման և բնականոն գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական, կադրային ապահովումից հետո: Այս տեսանկյունից հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանում առկա չէ հետախուզական և հակահետախուզական մարմինների կադրային ապահովման սեփական բազա, մասնավորապես՝ ուսումնական և վերապատրաստման հաստատություններ: Նախագծով առաջարկվում է նոր Ծառայության կադրային ապահովումն իրականացնել առաջնահերթորեն նոր կադրերի պատրաստման միջոցով՝ ուսումնական կենտրոն ձևավորելու եղանակով, ինչն անշուշտ ողջունելի է: Միաժամանակ, նախագծի 21-րդ հոդվածը հնարավոր է համարում նոր Ծառայության կադրային համալրումն իրականացնել ՀՀ իրավապահ այլ ծառայությունների կադրերի, այդ թվում՝ ԱԱԾ միջոցով: Վերոնշյալի լույսի ներքո անհասկանալի և անտրամաբանական է արտաքին հետախուզության ոլորտում իրար կրկնող երկու ծառայությունների գործունեության անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը: Մասնավորապես, եթե կարգավորման ենթատեքստի առումով խնդիր է դրվում ձևավորել արտաքին հետախուզության ապահովման ՀՀ սեփական հնարավորությունները՝ այլ պետությունների ազդեցության գոտում տարիներ շարունակ գտնվող կադրերից ազատվելու նպատակով, ապա ինչու նախագիծը չի ամրագրում ԱԱԾ արտաքին հետախուզության ծառայության լուծարում նոր Ծառայության ձևավորումից և գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումից հետո: Հարկ է նշել, որ նոր Ծառայությունն ըստ էության իրականացնելու է նաև արտաքին հետախուզությանն աջակցող օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ նախագծով ամրագրված լայն լիազորությունների համատեքստում, ինչը ներկայիս պայմաններում անհնար է իրագործել առանց ԱԱԾ կադրային բազայից օգտվելու: Այս տեսանկյունից, նպատակահարմար է ձևավորել սկզբնապես ուսումնական կենտրոն, պատրաստել և վերապատրաստել կադրեր, ինչից հետո ձեռնամուխ լինել պետության անվտագության ապահովման նոր Ծառայության ձևավորմանը, այլապես կստացվի մարմին առանց կադրերի:

 

Առաջարկ

  • Նախագծով ամրագրել, որ նոր Ծառայության ձևավորումից հետո ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումը պետք է լուծարվի՝ գործառույթների ուղղվածության կրկնողությունը բացառելու և ոլորտի արդյունավետ և կենտրոնացված կառավարման համակարգ ներդնելու նպատակով,
  • նախագծի անցումային դրույթներում ամրագրել, որ Ծառայությունը սկսում է գործել Ծառայության ուսումնական կենտրոնում պատրաստում և վերապատրաստում անցած ապագա առաջին փուլն անցած ծառայողների՝ ուսումնառությունն ավարտելուց հետո:

2. Ծառայության կազմավորման իրավակարգավորումների վերաբերյալ.

Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, Ծառայության պետը նշանակվում է վարչապետի կողմից, իսկ 19-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին: Հարկ է արձանագրել, որ Ծառայության ձևավորմանն առնչվող իրավակարգավորումների տրամաբանության համաձայն՝ այն ամբողջապես վարչապետին կից կառույց է՝ առանց որևէ այլ մարմնի առջև պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմների: Ընդ որում, մի շարք իրավակարգավորումների համաձայն (հոդված 6, մաս 1)՝ Ծառայության նպատակը բացառապես վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումն է: Ընդունելի համարելով արտաքին հետախուզական կառույցի ղեկավարի պաշտոնի ձևավորման հարցում գործադիր իշխանության լիազորության առաջնայնության գաղափարը, Ծառայության գործունեության հաշվետվողականության բացակայությունը խորհրդարանում պետք է դիտարկել անընդունելի: Մասնավորապես, ըստ առաջարկվող կարգավորման՝ Ծառայության գործունեության տարբեր արդյունքների վերաբերյալ խորհրդարանի տեղեկացվածության հարցն ուղղակիորեն կախվածության մեջ է դրվում վարչապետի կամաարտահայտությունից (հոդված 9), ինչն անթույլատրելի է բոլոր կառավարման ձևերի և հատկապես՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում: ՀՀ-ում տարիներ շարունակ արձանագրված պրակտիկան ցույց է տվել, որ անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության, տեղեկատվության բացակայության և ընդհանուր առմամբ դերակատարման բացակայությունը ևս հանգեցնում է անվտանգային մարտահրավերներին գործադիր իշխանության կողմից արձագանքելու ոչ ադեկվատ դրսևորումների: Խնդիրն առավել քան կարևոր է այն առումով, որ հանրային կյանքի տարբեր ոլորտներում անվտանգային խնդիրների տեղեկացվածության մակարդակը կարող է պայմանավորել նաև խորհրդարանի օրենսդրական և քաղաքական գործունեության արդյունավետությունը, բարձրացնել իրավական ակտերում անվտանգության բաղադրիչների հաշվառման գործոնը: Անշուշտ անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ արտաքին հետախուզական ոլորտի մարմինների հետ փոխհարաբերություններում խորհրդարանականները պետք է պահպանեն օրենքով սահմանված շրջանակներում անվտանգության ծառայությունների գործունեության արդյունքների գաղտնիության ապահովման սկզբունքը:

Առաջարկ

  • Նախագծի 19-րդ հոդվածում ամրագրել, որ Ծառայությունն իր գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետու է նաև խորհրդարանի առջև և փակ ռեժիմով ներկայացնում է կիսամյակային և տարեկան զեկույց,
  • քննարկել Ծառայության ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանի դրական եզրակացության ստացման հարցը՝ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

 

 

Ներբեռնել

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։