Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022

Պատերազմի ավարտից ու 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ընդունումից գրեթե մեկ ու կես տարի անց Ադրբեջանը շարունակում է արցախցիների նկատմամբ տարբեր մեթոդներով իրականացնել էթնիկ զտման իր քաղաքականությունը:

Աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հանրության ուշադրությունն ուկրաինական ճգնաժամով շեղված լինելու պայմաններում պաշտոնական Բաքուն կտրուկ ակտիվացրել է լարվածությունը և ճնշումներն ամբողջ Արցախի Հանրապետության և հատկապես սահմանային գոտու բնակավայրերի վրա:

Մարտի 8-ից Արցախի ողջ բնակչությունը զրկված է հանրապետություն մտնող բնական գազից: Ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին: Արդյունքում՝ հանրապետության կենսապահովման օբյեկտները՝ հիվանդանոցները, ծննդատները, հացի արտադրամասերը, կրթական և մշակութային հաստատությունները, զրկված են ջեռուցումից:

Գազի խափանման պատճառով 20 000 երեխա զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Հանրապետությունում մեքենաների 70%-ից ավելին, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ողջ ավտոպարկն աշխատում է գազով, հետևաբար արցախցիներին սպառնացող տրանսպորտային ճգնաժամը ևս հեռու չէ։

Այս ամենն ադրբեջանական կողմից էլեկտրաէներգիայի և կապի միջոցների շարունակական խաթարման հետ միասին ստեղծում է անտանելի պայմաններ բնականոն կյանքի համար:

Ադրբեջանական կողմը սպառնում է նաև Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը․ մասնավորապես միջին և խոշոր տրամաչափի զենքերով կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Մարտ ամսին ականանետային կրակի թիրախ են դարձել Արցախի Կարմիր Շուկա, Խրամորթ և Խնապատ գյուղերը: Արդյունքում արցախյան կողմն ունի վիրավոր, ինչպես նաև թիրախավորված կրթական հաստատություն:

Կրակոցները, հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված միջոցներն ադրբեջանական կողմից ուղեկցվում են Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշման մեթոդներով: Արցախի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմը բարձրախոսներով ու հայերեն լեզվով հայ բնակչությանը տարածքը լքելու սպառնալից կոչեր է տարածում:

Վերոնշյալ հանցավոր արարքները՝ զուգորդված Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման և խեղաթյուրման գործողություններով, տեղավորվում են պաշտոնական Բաքվի հետևողական, բացահայտ հայատյաց քաղաքականության տրամաբանության մեջ, որի վերջնանպատակն Արցախից էթնիկ հայ բնակչության բնաջնջումը կամ դուրս մղումն է:

Ադրբեջանի այս ցեղասպան գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության աչքի առաջ և չեն արժանանում համապատասխան արձագանքի:

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանն ընդհանրապես ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու վերահաս հումանիտար աղետն ու հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները․

«Դիզակ ԱՐՏ» ՀԿ

«Արցախի փախստականների միություն» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Քաղաքացիական հաբ» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցոին կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Շուշի հայրենակցական միություն» ՀԿ

«Շուշիից բռնագաղթած հայ ազգաբնակչություն» ՀԿ

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ

«Կռունկ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

Ներբեռնել

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

01.12.2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։

Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների մասին

21.11.2022
Կարծիքն անդրադառնում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ առաջարկելով փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։

Մատչելի դարձնել նաև դատարանների շենքերը

20.11.2022
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

18.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս կարծիքն ամփոփում է ԹԻՀԿ-ի և ԻԶՊՀ-ի դիտարկումները ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման լուծարման անհրաժեշտության և նոր ձևավորվող կառույցի՝ խորհդարանի առաջ հաշվետվողականության վերաբերյալ։

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։