ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան ՄԻԵԴ վճիռների և ԵԽ Նախարարների կոչի դերին, դրանցից և խորհրդատվական եզրակացություններից հետո գործերի ներկա վիճակին, գործերի չբացահայտման պատճառներին և այն քայլերին, որ դեռևս կարելի է և պետք է կատարել։
Ի պատասխան հարցին, թե Ինչ փուլում են գործերը՝ հաշվի առնելով Նախարարների կոմիտեի կոչը և աշխատանքային խմբի եզրակացությունը, Գյուրջյանը նշեց. «Պատահական չէ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տիգրան Օհանջանյանի և Վալերի Մուրադյանի գործերով վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ճանաչելով նրանց կյանքի իրավունքի խախտումըa։ Այդ գործերում եղել են շատ լուրջ թերություններ»։ Խոսքը թե' ժամանակին չկատարված քննչական գործողությունների մասին է, թե' վարկածների անարժանահավատության, թե' ապացույցների կորստի։ Թեև աշխատանքային խմբի եզրակացությունները որոշակի ազդեցություն ունեցել են, սակայն դրանք այնքան էլ արդյունավետ չեն եղել։ Այնուամենայնիվ, ՄԻԵԴ վճիռը նշանակում է, որ գործի բացահայտմանը միտված փաստացի գործողություններ պետք է կատարվեն։
Խոսելով գործերի չբացահայտման պատճառների մասին՝ Գյուրջյանը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ կան նաև այնպիսի սխալներ, որոնք չեն կարող անձեռնհասությունից բխել, ավելին, կան դիտավորության մասին խոսող փաստարկներ։ Սակայն կարևոր է այն, որ կան որ պետությունը դեռևս չի սպառել օրենքով սահմանված բոլոր միջոցները, այլապես դրանից հետո գործերը կկարճվեին։ «Մենք խորհրդատվական եզրակաղություններում նշում ենք այն գործողությունները, որոնք կարելի է իրականացնել։ Դրանք անելուց հետո միայն կարելի է ասել, որ պետությունը արել է դրանք, և գործը հնարավոր չէ բացահայտել։ Դեռ վաղ է խոսել դրա մասին», - շեշտել է փաստաբանը։
Դավիթ Գյուրջյանն առանձնացրել է հատկապես Տիգրան Օհանջանյանի գործը, որի դեպքում բոլոր թերություններն այնքան խորն են արտահայտված, որ ոչ միայն կարելի է հերքալ նախաքննության վարկածը, այլև անգամ հնարավոր է առաջ քաշել սպանության վարկածը։
Ամփոփելով՝ բանախոսը նշել է, որ կհետևեն գործերի ընթացքին. Ըստ ՄԻԵԴ կանոնակարգի՝ հասարակական կազմակերպություններն ու կառույցները կարող են վճիռների կատարման կապակցությամբ այլընտրանքային կարծիքներ ներկայացնել. «Այդ առումով մենք հետևողական կլինենք և թույլ չենք տա հարցը փակել՝ գնալով որոշ գործողություններ ձևական, սակայն անարդյունավետ կատարելու ճանապարհով»։