Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է կանխարգելիչ գործառույց ունեցող հասկացությանը՝ հանրօգուտ աշխատանքին՝ որպես վարչական տույժի տեսակ․ « Սա լիովին նոր վարչական տույժի տեսակ է, որը չի եղել մեր օրենսդրությամբ, և այն հանդես է գալիս որպես վարչական տուգանքի այլընտրանք։ Այսինքն՝ եթե անձը ենթարկվում է վարչական տուգանքի, իր սեփական դիմումի հիման վրա մինչև այդ որոշման բողոքարկելի դառնալը կարող է փոխարինվել հանրօգուտ աշխատանքով»։
Այնուամենայնիվ, պատասխանատվության նշված այլընտրանքային միջոցը չի կարող բավարար համարվել վարչական պատասխանատվության համաչափության սկզբունքի ապահովման համար։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել վարչական խախտումը կատարած անձի գույքային դրությունը։
«Թե՛ գործող օրենսգրքում, թե՛ նախագծում մենք ունենք վարչական սանկցիաների այնպիսի նվազագույն շեմեր, որոնք գերազանցում են նվազագույն ամսական աշխատավարձը։ Նման նվազագույն շեմերի առկայության դեպքում, բնականաբար, հնարավոր չէ հաշվի առնել անձի գույքային դրությունը մի շարք պարագաներում՝ անձին բնութագրող հանգամանքներ, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ և այլն»։
Շարունակելով խնդրի վերլուծությունը՝ Գենյա Պետրոսյանը նշել է, որ վարչական մարմինը պետք է կարողանա տարբերակված կիրառել այդ պատասխանատվության միջոցները․ «Միաժամանակ թե՛ մեր գործող օրենսգիրքը, թե՛ նախագիծը չի նախատեսում այս նվազագույն շեմը նվազեցնելու հնարավորություն, այսինքն՝ վարչական իրավախախտման վարույթ իրականացնող մարմինը իրավասու չէ նվազեցնել այս շեմը, եթե համարում է, որ տվյալ դեպքում պետք է կիրառել ավելի ցածր չափով տուգանք։ Իմ կարծիքով՝ մի շարք դեպքերում, հատկապես զգալի նվազագույն շեմ ունեցող սանկացիաների դեպքում սա նույնիսկ հանգեցնում է հակասահմանադրականության խնդրի՝ պատասխանատվության համաչափությունը և անհատականացումը պահպանելու հնարավորության բացառման տեսանկյունից»։