Factor TV-ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Դավիթ Գյուրջյանն անդրադարձել է նախագծի խնդրահարույց կետերին, դրանց հնարավոր հետևանքներին և ներկայացված առաջարկներին։
Նոր նախագծով ավելի խնդրահարույց կարգավորումներ են նախատեսվել․ «Թե՛ ներկայիս, թե՛ առաջարկվող փոփոխություններով կարգավորումները չեն տարանջատում գաղտնագրման աստիճանները։ Նշվում է, որ գոյություն ունի երեք աստիճան, սակայն թե որն ինչ է ենթադրում, շարադրված չէ»։
Ըստ Գյուրջյանի՝ խնդրահարույց է նաև գաղտնագրման ժամկետը, որը, ըստ էության, թույլ է տալիս անսահմանափակ ժամկետով գաղտնագրել տեղեկությունը․ «Բացի դրանից՝ չի սահմանվում գաղտնազերծման պատշաճ ընթացակարգ։ Եթե ներկայիս կարգավորմամբ գաղտնագրման ժամկետը լրանալուց հետո պետք է հանձնվի արխիվ, ապա այժմ լայն հայեցողություն է տրվում մարմիններին՝ կա՛մ ոչնչացնել, կա՛մ հանձնել արխիվ, ինչը նշանակում է, որ տեղեկությունը կորչելու է»։
ԻԶՊՀ-ն առաջարկել է ընդլայնել այն տեղեկությունների ցանկը, որոնք չեն կարող գաղտնագրվել․ առաջարկը մասամբ է ընդունվել․ «Օրենքը պատասխանատվություն է նախատեսում գաղտնագրված տեղեկությունը ապօրինաբար գաղտնազերծելու համար, սակայն հակառակ կարգավորում նախատեսված չէ, մասնավորապես անհիմն գաղտնագրման դեպքում այն կատարած պաշտոնատար անձի համար ո՛չ վարչական, ո՛չ քրեական պատասխանատվություն սահմանված չէ։ Մենք առաջարկել էին նախատեսել վարչական պատասխանատվություն, սակայն այն չի ընդունվել՝ համարելով, որ կարգապահական պատասխանատվությունը բավարար է»։