Պատերազմին անմիջապես հաջորդող ժամանակահատվածում մեր հասարակությունում տարակուսանք առաջացավ ժողովրդավարական համակարգի կենսունակության հետ կապված՝ հենց արտաքին մարտահրավերները նկատի ունենալով և պետության կողմից քաղաքացու առաջնահերթ անվտանգային կարիքները ապահովելու կարողության տեսանկյունից։ Սակայն պետք է արձանագրել, որ սա արձագանք է եղել կոնկրետ իրադարձություններին և ճգնաժամին և որևէ կերպ պայմանավորված չէ համակարգի ժողովրդավարական կամ հակաժողովրդավարական լինելով։
Պատերազմին անմիջապես հաջորդող իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ ժողովրդավարական ինստիտուտների չկայացած լինելն է, որ կարող է նոր և շատ լուրջ սպառնալիքներ ստեղծել անվտանգության համար։ Ժողովրդավարության հիմքը կազմող պետական մարմինները, անկախ դատական համակարգը այն երաշխիքներն են, որ նման ճգնաժամային իրավիճակներում պետք է ապահովեն մեր հասարակության անվտանգությունը։
Արդարության մասին խոսելիս կարող եմ ասել, որ սա բավական բազմաշերտ երևույթ է, և արդարության ընկալումն է տարբեր տարբեր սուբյեկտների մոտ։ Իմ կարծիքով՝ արդարությունը առաջին հերթին նշանակում է հավասար հասանելիություն մարդու բոլոր իրավունքների իրացմանը և նաև իրավական պաշտպանության մեխանիզմների արդյունավետ համակարգ, որը ունակ կլինի թե՛ խտրականության, թե՛ ցանկացած իրավունքի խախտման զոհ դարձած անձանց պաշտպանելու։