Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը՝ Պետրոսյանը շեշտել է, որ քաղաքացիական հասարակության մոտեցումը հեղափոխության առաջին օրերից սկսած եղել է միանշանակորեն աջակցելը համակարգային վեթինգի գործընթացի նախաձեռնմանը, և սա գերկարևոր է ամբողջ լեգիտիմությունն ապահովելու համար․ «Լավագույն հնարավորությունը արդեն որոշակիորեն բաց է թողնվել․ կար թե՛ հանրային պահանջ, թե՛ վստահություն ժողովրդավարական ընտրության արդյունքում ձևավորված իշխանության նկատմամբ»։
Ըստ բանախոսի՝ շատ կարևոր է, որ հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում տրվող լուծումները լինեն հարատև՝ որևէ ձևով չփոխկապակցվելով այսօր իշխանության գտնվող քաղաքական ուժի հետ․ «Իմ կարծիքով՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է շահագրգռված լիներ ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որոնք հաջորդ իշխանության ժամանակ կապահովեն մեր ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացումը և գործունեությունը», - ասել է նա։
Մատնանշելով դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը՝ Պետրոսյանն ասել է, որ այն տարիներ շարունակ գործածվել է որպես դատավորների նկատմամբ ճնշումներ կիրառելու գործիք թե՛ գործադիր իշխանության կողմից ապօրինի հրամանների կատարման համատեքստում, թե՛ առավել բարձր ատյանի դատավորների կողմից կոնկրետ ցուցումների կատարման տեսանկյունից։ «Եվ այս առումով, իմ կարծիքով, գերխնդիր է եղել կարգապահական պատասխանատվության թափանցիկ և հաշվետու մեխանիզմների ներդրումը, բայց ի՞նչ մենք տեսանք։ Ըստ էության, այս առումով որևէ արդյունավետ մեխանիզմ չներդրվեց․ այսինքն՝ ընդունվեց, որ առկա է խնդիր կարգապահական վարույթի հարուցման փուլում, որ ամբողջությամբ փակ է, չափազանց մեծ է կորպորատիվ շահերի ռիսկը։ Այնուամենայնիվ, փոխանակ այստեղ նախատեսենք հարուցման հնարավորինս թափանցիկ մեխանիզմներ, մենք գնացինք այլ ճանապարհով, որոնք կախված են լինելու այն կոնկրետ դերակատարներից, որ կզբաղեցնեն համապատասխան պաշտոնները»։ Եզրափակելով՝ իրավաբանը նշել է, որ հրապարակայնության ապահովումը կկանխարգելեր հնարավոր չարաշահումները։