Զեկույցը հիմնված է ականատեսների վկայությունների և այլ ապացույցների վրա։ Բավական շատ ապացույցներ են հավաքվել հրկիզող զենքերի կիրառման վերաբերյալ։ Զեկույցում կան առաջարկներ՝ ուղղված թե՛ միջազգային դերակատարներին, թե՛ Հայաստանի կառավարությանը։
ՀՀ Կառավարությանն առաջարկվել է քրեական վարույթի շրջանակում իրականացնել նախաքննություն՝ հնարավորինս բացահայտելով այն անձանց, որոնք տվել են ապօրինի ռազմական հրամաններ, որպեսզի այդ տվյալները ևս կիրառվեն միջազգային խողովակներով՝ միջազգային քրեական արդարադատության շրջանակներում։
Արդյո՞ք կան միջազգային պատասխանատվության հիմքեր՝ Արցախում չթույլատրված ֆոսֆորային զենքերի կիրառման համար։ Կան զինատեսակի կիրառման մեթոդիկաներ, մասնավորապես պետք է ապահովվեն այն սկզբունքները, որ ամրագրված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Խոսքը համաչափության, տարբերակված կիրառման և խաղաղ բնակչության դեմ չօգտագործելու մասին է։ Փորձագետների գնահատմամբ՝ կիրառված հրկիզող զինատեսակները ամենայն հավանականությամբ ներառել են սպիտակ ֆոսֆորի և մագնեզիումի հիմքի վրա ստեղծված զինամթերք։ Մասնավորապես կիրառվել է այնպիսի շրջաններում, որտեղ եղել է քաղաքացիական բնակչությանը վնասելու բարձր ռիսկ, և նման հետևանքներ մենք ունեցել ենք։ Դրանք չպետք է գործածվեն նաև այն դեպքերում, երբ շրջակա միջավայրին հասցված վնասը լինելու է երկարատև և անհամաչափ։ Այս պահանջները անտեսվել են․ վնասներ և կորուստներ ենք ունեցել և՛ քաղաքացիական բնակչության շրջանում, և՛ շրջակա միջավայրի առումով․ մոտ 1800 հեկտար մեծամասամբ անտառածածկ տարածքներ են հրկիզվել։
Առաջարկներից մեկը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով միջազգային քրեական դատարանի մեխանիզմի գործարկմանը։ Անվտանգության խորհուրդը կարող է ինքնուրույն դիմել միջազգային քրեական դատարան և ներկայացնել համապատասխան փաստերը։ Մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցողին առաջարկվել է այցելել համապատասխան վայրեր և արձանագրել արգելված զինատեսակների կիրառման հետքերը։